Արմինֆո. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ երկրի էներգետիկ անվտանգությանը ոչինչ չի սպառնում: «Մեր գլխին ոչ մի սպառնալիք կախված չէ դեմոկլեսյան սրի նման, և մենք ունենք այլընտրանքային գազամուղ», - հունվարի 13-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Կարեն Կարապետյանը, պատասխանելով Վրաստանի կառավարության կողմից մայր գազատարի բաժնետոմսերի 25%-ն Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը վաճառելու հնարավորությանն առնչվող սպառնալիքների վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին:
Վարչապետը հավաստիացրել է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության գործակիցը շատ ավելի բարձր է, քան եվրոպական երկրների մեծ մասում: «Տվյալ պահի դրությամբ այդ համատեքստում մենք ոչ մի սպառնալիք չունենք: Սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է աշխատենք էներգետիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ», - ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի ասելով, Հայաստանի համար ոչ մի բացասական հետևանք չկա «Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի 25%, որի հաշվեկշռում է գտնվում Հայաստան եկող մայր գազամուղը, Ադրբեջանի նավթի պետական ընկերությանը հնարավոր վաճառքի առնչությամբ: «Ուզու՟մ են ձեռք բերել բաժնետոմսերի 25%-ը, թող ձեռք բերեն: Դա մեզ համար ոչ մի վտանգ չի ստեղծի, քանի որ գործարքի արդյունքում ադրբեջանական կողմը չի տնօրինի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը», - հայտարարել է Կարապետյանը: Նա նաև բացառել է այն սցենարը, որի համաձայն, Ադրբեջանը, դառնալով ընկերության բաժնետեր, կարող է անորոշ ժամանակով դադարեցնել գազի տարանցումը Հայաստան, հայտարարելով, որ դա կհակասի միջազգային իրավունքին:
Հիշեցնենք, որ 2016 թվականի վերջին հերթական անգամ վերսկսվեցին խոսակցություններն այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է ձեռք բերել վրացական տարանցիկ գազամուղի բաժնետոմսերի փաթեթը:Վրացական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի վարչապետ Իրակլի Կվիրիկաշվիլիին, հաղորդել էին, թե հենց որ բարենպաստ իրավիճակ ստեղծվի, Վրաստանի կառավարությունը բորսա կհանի «Նավթի և գազի կորպորացիայի» և «Վրացական երկաթուղու» բաժնետոմսերի 25%-ը: Ավելի վաղ Ադրբեջանի նավթի պետական ընկերությունը հայտարաևրել էր վրացական գազամուղը գնելու իր մտադրության մասին: Հենց այդ գազամուղով է Հայաստան գազ մատակարարվում Ռուսաստանից, և, բնականաբար, ռազմավարական նշանակություն ունեցող այդ գազատարի մի մասի օտարումը պետք է հայկական կողմի մտահոգության առիթ լինի: