Արմինֆո. ԵԱՀԿ մասնակից պետությունները դեռ կոնսենսուսի չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման հարցի շուրջ: ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է բանակցություններ վարել այս հարցի շուրջ՝ վաղ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունում:
«Մինչև մասնակից երկրների կողմից մանդատների երկարաձգման հետ կապված սպասվող համաձայնության կայացումը, դաշտային առաքելությունները բաց կմնան և կշարունակեն ադմինիստրատիվ և մանդատի հետ կապ չունեցող աշխատանքները: Քանի որ բանակցություններն այս պահին ընթացքի մեջ են, մենք չենք կարող ենթադրություններ անել դրանց վերաբերյալ»,- ասվում է Կազմակերպության պատասխանում:
Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը,
Հայաստանը սատարում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությանը և վերջինիս մշտապես աջակցություն է ցուցաբերում, մասնավորապես, ԵԱՀԿ-ում ընդունվող համապատասխան որոշումների շրջանակներում: Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո, Երեւանի գրասենյակը հանդիսանում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ միակ լիարժեք ներկայությունը: Երեւանի գրասենյակի դերը արժեւորվում է նաեւ ինչպես ԵԱՀԿ նախագահության, քարտուղարության, կազմակերպության այլ մարմինների, այնպես էլ մասնակից երկրների բացարձակ մեծամասնության կողմից, բացառությամբ մեկի: «Ինչպես գիտեք, ԵԱՀԿ-ն գործում է կոնսենսուսի սկզբունքով եւ չնայած նման լայն աջակցությանը, այս պահի դրությամբ հնարավոր չի եղել համաձայնության հանգել Երեւանյան գրասենյակի երկարաձգման որոշման շուրջ: Ներկայումս ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը շարունակում է որոշման նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները եւ Հայաստանը, որպես գրասենյակը հյուրընկալող երկիր, մաս է կազմում այդ խորհրդակցություններին:Քանի որ բանակցությունները շարունակվում են, այս պահի դրությամբ, նպատակահարմար չենք համարում խորհրդակցությունների մանրամասների ներկայացումը»,- նշել է Բալայանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը ժամանակավորապես հարցականի տակ է դրվել՝ նկատի ունենալով վերջինիս մանդատի երկարաձգման առնչությամբ կոնսենսուսի բացակայությունը: Համանման իրավիճակ է ստեղծվել նաև Ուզբեկստանում և Ղրղըզստանում ԵԱՀԿ գրասենյակների մանդատների շուրջ: Գոյություն ունեցող պրակտիկայի համաձայն, ազգային գրասենյակների գործունեության մանդատն ամեն տարի երկրաձգվում է՝ ԵԱՀԿ մասնակից երկրների համաձայնության հիման վրա: