Արմինֆո. Իր հայտարարությամբ, որ վերահսկելի տարածքներից հայկական զորքերի դուրսբերումից հետո հրադադարի ռեժիմը չի խախտվի, և, հետևաբար, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն չի լինի, Բաքուն, ըստ էության, անուղղակիորեն հաստատում է այն փաստը, որ հենց ինքն է խախտում հրադադարի ռեժիմը և հրաժարվում վստահության մեխանիզմների ներդրումից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը:
Պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ողջ ապակառուցողական քաղաքականությունը: «Այդ տրամաբանությունից ելնելով՝ ստացվում է, որ 1994-95 թթ. ստորագրված և ապրիլյան էսկալացիայից հետո Մոսկվայում հաստատված համաձայնագրերն իմաստ չունեն, քանի որ Ադրբեջանի համար, ըստ էության, միևնույն է՝ կան այդ համաձայնագրերը, թե ոչ, քանի որ վարվելու է այնպես, ինչպես հարմար է գտնում: Այդ տրամաբանությամբ Ադրբեջանը ձգտելու է «ազատագրել» թե Երևանը, թե Արևմտյան Ադրբեջանը, որն Իրանի տարածքում է: Դա ոչ այլ ինչ է, քան ֆաշիզմի դրսևորում»,- նշել է Բաբայանը:
ԼՂՀ ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչը հերքել է նաև Հաջիևի հայտարարությունը, որ 2016 թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին սադրանքը վաղօրոք ծրագրված էր Հայաստանի կողմից և հակամարտությունում ՀԱՊԿ-ին ներքաշելու նպատակ էր հետապնդում: «Ի՞նչ կապ ունի ՀԱՊԿ-ը: Ադրբեջանը նախկինում էլ խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին: Ցանկացած փորձագետ, եթե գա Հայաստան և շրջի հայկական սահմանամերձ գյուղերով, կտեսնի նրանց ագրեսիայի հետքերը: Դա հերթական սադրանք է: Այդկերպ Ադրբեջանը փորձում է մանևրել: Կարծում եմ, որ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե միջազգային ողջ հանրությունը պետք է ավելի լուրջ վերաբերեն Բաքվի նման գործողություններին ու հայտարարություններին և համարժեք պատասխան տան, քանի որ այդ ամենը լուրջ վնաս է հասցնում բանակցային գործընթացին»,- նշել է Բաբայանը:
Անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողի մարմինը վերադարձնելու գործընթացը ձգձգելու վերաբերյալ Բաքվի մեղադրանքներին՝ Բաբայանը նշել է, որ հայկական կողմին դիակը պետք չէ, և վաղ թե ուշ այն վերադարձվելու է: «Այդ դիակն ընդամենը փաստացի ապացույց է այն բանի, թե ում կողմից է նախաձեռնվել դիվերսիան: Ես դրանում քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում: Կարծում եմ, որ որոշակի ընթացակարգերից հետո ադրբեջանցի դիվերսանտի մարմինը կվերադարձվի հայրենիք»,- նշել է Բաբայանը:
Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանում խոշտանգված Չինարի գյուղի բնակչի մասունքները մինչ այժմ չեն հանձնել Հայաստանին, և ոչ ոք այդ մասին, չգիտես ինչու, չի խոսում: «Տվյալ դեպքում թող միջազգային փորձագետները գան և ուսումնասիրեն, թե ով է եղել այդ մարդը, ինչով է զբաղվել, ինչպես է հայտնվել Հայաստանի տարածքում, և մարմինը կվերադարձվի»,- ասել է Բաբայանը:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարն ԱՊԱ-ին հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ ԱԳՆ ղեկավարի հայտարարությանը, որ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի վերաբերյալ 1994-1995 թթ. համաձայնագրերը և հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանի արտգործնախարարի անտրամաբանական հայտարարություններն հիմնովին հակասում են տարրական պատճառահետևանքային կապերին: Միջադեպերը հետևանք են, իսկ պատճառը՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի զորքերի առկայությունն է: Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զորքերի լիակատար և անվերապահ դուրսբերումից հետո, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջներին համապատասխան, միջադեպերի համար պատճառներ, և որպես հետևանք՝ դրանց հետաքննման համար պատճառներ չեն մնա: Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում անցկացված հակամարտության կարգավորման շուրջ սուբստանտիվ բանակցությունների համաձայն՝ միջադեպերի հետաքննության հարցը պետք է Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման գործընթացի բաղկացուցիչ մասը հանդիսանա: Սուբստանտիվ բանակցությունների շրջանակներում հակամարտության լուծումից խուսափելու համար Հայաստանը դիտավորյալ ուշադրությունը տեղափոխում է այնպիսի հարցերի վրա, ինչպես՝ միջադեպերի հետաքննությունը»:
Հաջիևը Հայաստանին մեղադրել է նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին դիվերսիա նախաձեռնելու մեջ՝ ՀԱՊԿ-ին ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշելու նպատակով: Նրա կարծիքով, հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի առնչությամբ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի «հայամետ» հայտարարությունն այդ ծրագրի մասն էր կազմում: Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվում է վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտի մարմինը: Վերջինս սպանվել էր 2016 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ԶՈւ կողմից ադրբեջանական դիվերսիան հետ մղելու ժամանակ: