Արմինֆո.Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության նոր էսկալացիա չի ցանկանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամ, «Եդինայա Ռոսսիյա» կուսակցության պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը:
Նրա խոսքով, Ռուսաստանը մեծ աշխատանք է կատարել՝ հակամարտության քաղաքական կարգավորման հետ կապված: Ըստ որում, Ժելեզնյակն ավելացրել է, որ անցած տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում բախումների ժամանակ հրադադար է ձեռքբերվել՝ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ:
«Համոզված եմ, որ Ադրբեջանում և Հայաստանում բոլոր ողջամիտ քաղաքական գործիչները հասկանում են, որ նման հակամարտությունները պետք է լուծվեն՝ բացառապես քաղաքական ճանապարհով: Ապրիլին հակամարտութան շատ վտանգավոր փուլը կանխվեց՝ ռուսական կողմի դիվանագիտական կարևոր քայլերի շնորհիվ: Վստահ եմ, որ եթե չլիներ Ռուսաստանը, այդ ընդհարման ժամանակ ավելի շատ զոհեր ու տուժածներ կլինեին: Այդ պատճառով Մոսկվան չի ցանկանում, որ կողմերը զենքի դիմեն»- հայտարարել է ռուսաստանցի պատգամավորն ԱՊԱ-ին:
Խոսելով Ռուսաստան-Հայաստան միացյալ զորախմբավորման ստեղծման մասին՝ Ժելեզնյակը նշել է, որ այդ խմբավորման ստեղծումը պաշտպանական բնույթ է կրում: «Այն ստեղծվել է՝ երկրի սահմաններից դուրս Ռւսաստանի ազգային անվտանգության ապահովման նպատակով: Եթե ոչ ոք Ռուսաստանի և Հայաստանի վրա չհարձակվի, վստահ եմ, այդ զորախմբավորման անհրաժեշտությունը չի լինի»,- ասել է քաղաքական գործիչը:
Մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» համալիրի վաճառքը՝ քաղաքական գործիչն ասել է, որ հիմնական հարցն այն չէ, թե ինչ զենք է վաճառվել. «Ինչպես հայտնի է, մենք աշխարհի շատ երկրների հետ ենք համագործակցում ռազմատեխնիկական ոլորտում: Ադրբեջանի և Հայաստանի հետ համագործակցությունն այդ բնագավառում բարձր մակարդակի վրա է գտնվում: Մենք ռազմաքաղաքական համագործակցություն ենք իրականացնում՝ հիմնականում մեր ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով: Բոլորին քաջ հայտնի է, որ կրակում է ոչ թե զենքը, այլ՝ մարդը»: