Արմինֆո. Վանաձոր քաղաքի Ավագանու խորհրդի ընտրություններում հաղթած «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններն այսօր դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և միաժամանակ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:
Նման դիմումի առիթ է հանդիսացել այն, որ արդեն երեք ամիս է, ինչ Վանաձորի Ավագանու խորհուրդը չի կարղանում նիստեր անցկացնել՝ այդ երեք ուժերի կողմից բոյկոտի պատճառով: Երեք կուսակցությունների դիմումում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում»:
Նշենք, որ Վանաձորի Ավագանու խորհրդի ընտրություններից հետո կազուսային իրավիճակ է ստեղծվել: Հանրապետական կուսակցությունը, չնայած այն բանին, որ ավելի շատ ձայներ է ստացել, քան մնացած ուժերը, այնուամենայնիվ, չի կարողացել բացարձակ հաղթանակ տանել: Վանաձորի քազաքապետի պաշտոնում իր թեկնածուին անցկացնելու համար ՀՀԿ-ն փակ գաղտնի քվեարկության ժամանակ պետք է իր համար ապահովեր այլ քաղաքական ուժերի ձայները: Ընդդիմադիր երեք ուժերը՝ ի դեմս «Լուսավոր Հայաստանի», «Բարգավաճ Հայաստանի» և «Հայկական վերածնունդի», համախմբվել են և որոշել աջակցել «Լուսավոր Հայաստանից» թեկնածու Քրիստ Մարուքյանին: Սակայն, փակ գաղտնի քվեարկության ժամանակ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ չեն պահել իրենց խոսքը և քվեարկել են իշխանությունից թեկնածուի օգտին: Նրանց անձը պաշտոնապես չի հաստատվել, բայց, ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, նրանք «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներ են եղել: Սակայն, այնուհետև այդ ուժերի ներկայացուցիչները նոր համաձայնության են եկել՝ բոյկոտել Ավագանու խորհրդի նիստը և թույլ չտալ հանրապետական քաղաքապետին որոշումներ կայացնել, ինչի հետևանքովՎանաձորի Ավանագու խորհըրդի և քաղաքապետարանի աշխատանքն արդեն երեք ամիս պարալիզված է: Ընդդիմությունը գտնում է, որ տեղական ինքնակառավարման մասին օրենքը նման դեպքերում հնարավորություն է տալիս ցրել Ավագանու խորհուրդը և նոր ընտրություններ նշանակել, կառավարող կուսակցության ներկայացուցիչները հավաստում են, որ օրենքը նման ելք չի նախատեսում: