Արմինֆո. Թուրքիայի հետ ուղղակի ռազմական կոնֆլիկտից խուսափելը, ինչի հնարավորությունը դիտվում էր 2016 թ. սկզբին, Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ձեռքբերումներից մեկն է, համոզված է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը:
«Շատ կարևոր է, որ մեզ հաջողվեց միասին վերականգնել հարաբերությունները: Ըստ որում, ամենևին չեմ կարծում, որ Ռուսաստանը մոտ էր կամ մոտ է ԱՄՆ հետ ուղղակի կոնֆլիկտին: Սիրիական քաղաքական գործընթացի սեպտեմբերյան տապալումը Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները տեղափոխեց մենթալ սառը պատերազմի փուլ, երբ կողմերը միմյանցից ոչինչ չեն ուզում, դիմակայությունից բացի: Բարեբախտաբար, ամերիկյան արտաքին քաղաքականության փոփոխմամբ նման իրավիճակը կարող է լուրջ փոփոխություններ կրել»,- նշել է նա:
Ըստ որում, վերլուծաբանի կարծիքով, այսօր Սիրիայում թողնել ամեն բան այնպես, ինչպես կա, հնարավոր չէ: Հետևաբար՝ պատերազմը կշարունակվի նաև Հալեպից հետո. հաջորդ թիրախը, ամենայն հավանականությամբ, կլինի արմատականների ձեռքում գտնցող Իդլիբը:
Ըստ որում, իրավիճակը Սիրիայում և դրա շուրջ բավական արմատական փոփոխություններ է կրել, և Բաշար Ասադի ռեժիմի տապալման մասին արդեն խոսք անգամ չկա: Իսկ Ռուսաստանն ապացուցեց, որ առանցքային խաղացող է Մերձավոր Արևելքում:
«Ռազմական ջանքերով հասանք նրան, ինչի կարող էինք, սակայն պատերազմը չի ավարտվել, և թե ինչ կլինի հետո, պարզ չէ: Ըստ որում, անվերջ պատերազմ այնտեղ ոչ ոք՝ ներառյալ Ռուսաստանը, չի ցանկանում: Քաղաքական առումով ամեն բան առկախված է, և նույնիսկ այնքան էլ պարզ չէ՝ ով և ում հետ պետք է բանակցություններ վարի»,-ամփոփել է վերլուծաբանը: