Արմինֆո.ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ահազանգը Մոսկվայի դժգոհությունն է առանց ռուսական շահերը հաշվի առնելու ստատուս-քվոյի միակողմանի ուժային բեկման փորձերի առնչությամբ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
2016 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ- արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում զոհվել էին երեք հայ զինծառայողներ։ Նույն օրը մեկնաբանելով այդ միջադեպը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, մասնավորապես, հայտարարել էր. «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք՝ հատկապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի լույսի ներքո, որի ժամանակ կիրառվեց ծանրսպառազինություն և զրահատեխնիկա»:
«Այլ կերպ ասած` նախանշվում է այն վեկտորը, որի համաձայն, դեռ 2004-2008թթ. Հարավային Օսիայի և Աբխազիայի իրադարձություններից ծանոթ գծի շարունակումն ու ակտիվացումը կհանգեցնեն Մոսկվայի քաղաքականության փոփոխության: Ինքը` Ռուսաստանը, ուժերի հաշվեկշիռն, իհարկե, չի խախտի: Դա նրա շահերին չի համապատասխանում` ստեղծելով լրացուցիչ չարդարացված ռիսկեր: Սակայն, եթե այդ խաղը խաղա մեկ ուրիշը, ապա պատասխանելու իրավունքը մնում է, և պարտադիր չէ` հենց հիմա», - նշել է նա:
Մարկեդոնովը կարծում է, որ այսօր Ռուսաստանի քաղաքական վերնախավը, ինչպես նաև շատ այլ վերնախավեր Երևանի ու Բաքվի միջև կոշտ ընտրության անհրաժեշտություն չեն տեսնում, ինչն ամենևին չի նշանակում, թե այդ իրավիճակը միշտ անփոփոխ կլինի: Եվ այստեղ շատ բան կախված է ոչ միայն Կրեմլից ու նրա ռեսուրսներից: Սակայն, հակամարտության սրման զսպում, հատկապես` սահմանի ուղղությամբ, որին, շփման գծի համեմատ, ակնհայտորեն բավականաչափ ուշադրություն չի հատկացվում, Ռուսաստանը, նրա գնահատմամբ, այնուամենայնիվ, պետ է իրականացնի:
Այդ համատեքստում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը վերլուծաբանին չի թվում հանպատրաստից, հատկապես` հաշվի առնելով Կրեմլի խիստ պատասխանի բացակայությունը:
2016-ի դեկտեմբերի 31-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետի սպառման կապակցությամբ 2017 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Անատոլիի Սեմերիկովի վրա: Կազմակերպության կանոնադրության համաձայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիայի կարգով պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը: Սակայն, 2016 թվականի հոկտեմբերի 14-ին հարցը հանվեց Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգից` Ղազախստանի նախագահ Նազարբաևի բացակայության պատճառով, իսկ տարեվերջին Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով: