Արմինֆո. Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական դիվերսիային արձագանքել է միջադեպից երկու շաբաթ անց` արդեն լավ չէ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Տավուշի ուղղությամբ վերջին դիվերսիայի վերաբերյալ Մինսկի միջնորդների երեկվա հայտարարությունը:
«Սակայն, եթե միջնորդների արձագանքը պետք է լիներ այնպիսին, ինչպես նրանց վերջին հայտարարությունը, ապա, ավելի լավ կլիներ, նրանք լռություն պահպանեին», - նշել է ԱԺ փոխնախագահը: Նա նաև ընդգծել է, որ միջնորդների հայտարարությունը, որում հավասարության նշան է դրվում սադրիչի և խաղաղության ձգտող կողմի միջև, չի նպաստում տարածաշրջանում կայունության պահպանմանը և Բաքվին խրախուսում է նոր ագրեսիվ գործողությունների:
2016 թվականի դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզում Հայաստանի պետական սահմանին ադրբեջանական դիվերսիայի առնչությամբ խիստ հայտարրաությամբ հանդես էր եկել ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ադրբեջանի գործողությունները որակելով սադրանք, իսկ, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Արցախը բնորոշել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը հարուցել էր Բաքվի վրդովմունքը: Մի քանի օր անց Բորդյուժան հեռացվել է պաշտոնից:
Մեկնաբանելով շրջանառվող այն կարծիքը, որ Բորդյուժայի պաշտոնանկության պատճառն այդ հայտարարությունն էր, Շարմազանովը նշել է, որ այդ երկու փաստը միմյանց հետ ընդհանուր ոչինչ չունեն: «Որոշումն այն մասին, որ Բորդյուժան 2017 թվականի սկզբին կհեռանա պաշտոնից, կայացվել էր դեռ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ դեկտեմբերյան գագաթնաժողովում», - ամփոփել է Շարմազանովը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
«Բաքուն ու Երեւանը շարունակում են միմյանց մեղադրել 2016-ի դեկտեմբերի 29-ին հայ- ադրբեջանական սահմանին ներխուժման փորձի համար, որը հանգեցրել է զոհերի։ Մարտական գործողությունների արդյունքում զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակը դեռ Հայաստանի զինված ուժերի մոտ է: Հրադադարի ռեժիմի խախտումն անընդունելի է և հակասում է ուժ չկիրառելու մասին կողմերի ստանձնած պարտավորություններին, և նրանք լիակատար պատասխանատվություն են կրում դրա համար։ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում խստորեն հետեւել 2016 թվականին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում բարձրագույն մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, այդ թվում` միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման շուտափույթ ավարտի վերաբերյալ պարտավորությանը։ Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղերում իրավիճակի կայունացման համար։ Նաև խորը ցավակցություն ենք հայտնում զոհված հայ ու ադրբեջանցի զինվորների ընտանիքներին, որոնց Նոր տարին մռայլվեց անիմաստ կորուստների վշտով», - ասվում է հայտարարությունում:
2016 թվականի դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի էին բռնվել հակառակորդի հետ։ ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Հակառակորդը կորցրել էր 12 զինծառայող:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ