Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, մինսկյան միջնորդներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) համատեղ հայտարարությունում նշում են, որ Բաքուն ու Երեւանը շարունակում են միմյանց մեղադրել 2016-ի դեկտեմբերի 29-ին հայ- ադրբեջանական սահմանին ներխուժման փորձի համար, որը հանգեցրել է զոհերի։ Միջնորդները նշում են, որ մարտական գործողությունների արդյունքում զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակը դեռ Հայաստանի զինված ուժերի մոտ է:
Ընդ որում, միջնորդները հայտարարում են, որ հրադադարի ռեժիմի խախտումն անընդունելի է և հակասում է ուժ չկիրառելու մասին կողմերի ստանձնած պարտավորություններին, և նրանք լիակատար պատասխանատվություն են կրում դրա համար։
Միևնույն ժամանակ, համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կոչ են անում խստորեն հետեւել 2016 թվականին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում բարձրագույն մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, այդ թվում` միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման շուտափույթ ավարտի վերաբերյալ պարտավորությանը։ Համանախագահները նաեւ կոչ են անում անհապաղ վերադարձնել զինծառայողի աճյունը:
«Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքները և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղերում իրավիճակի կայունացման համար։ Նաև խորը ցավակցություն ենք հայտնում զոհված հայ ու ադրբեջանցի զինվորների ընտանիքներին, որոնց Նոր տարին մռայլվեց անիմաստ կորուստների վշտով», - ասվում է հայտարարությունում:
2016 թվականի դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի էին բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվել էր դիպուկահարների և նռնականետերի կրակ: Ինչպես հաղորդել էր Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմը կրել էր կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, հակառակորդը կորցրել էր 7 մարդ, որոնցից մեկի դիակը մնացել էր Հայաստանի տարածքում: Եվս 5 ադրբեջանցի զինծառայող էր սպանվել դեկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ ձեռնարկած պատժիչ միջոցառումների ընթացքում: