Արմինֆո.2017 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:
«2016-ի դեկտեմբերի 31-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի` 2015 թվականի դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ ՀԱԽ որոշմամբ սահմանված լիազորությունների ժամկետի սպառման կապակցությամբ 2017 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Անատոլիի Սեմերիկովի վրա»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում:
Ավելի վաղ որոշում էր կայացվել երեք տարին մեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մակարդակով ռոտացիայի մասին` հաշվի առնելով ռուսական այբուբենը: Հոկտեմբերի 14-ին Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում պետք է նշվեր Հայաստանից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անունը, սակայն հարցն օրակարգից հանվեց, նախագահ Սերժ Սարգսյանի ասելով, Ղազախստանի նախագահ Նազարբաևի բացակայության պատճառով: Հայաստանի նախագահը նաև հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն այդ հարցին կվերադառնան տարեվերջին` Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ: Սակայն Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կրկին հետաձգվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառով` մինչև կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան, որը տեղի է ունենալու հաջորդ տարվա ապրիլին: