Արմինֆո. Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լուրջ միջադեպին առնչվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը բավականին հստակ էր: Այդ մասին հունվարի 8-ին լրագրողներին հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա ասելով, ՀԱՊԿ երկրները ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ գնահատական են տվել Երևանում համատեղ հայտարարության միջոցով: «Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը բավականին հստակ էր: Գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ կարևորագույն ինստիտուտներից մեկն է», - ընդգծել է նախարարը:
Անդրադառնալով տոնական օրերին սահմանի իրավիճակին` նա փաստել է, որ սահմանին եղել է համեմատաբար հանգիստ: Սակայն, նրա ասելով, դա չի նշանակում, որ հակառակորդը չի խախտում հրադադարի ռեժիմը: Սարգսյանը նաև փաստել է, որ հայկական զինված ուժերը հակառակորդի գործողություններին պատասխանում են միայն այն ժամանակ, երբ կա թիրախ վերացնելու անհրաժեշտություն:
Անդրադառնալով սահմանի զինմանը` Սարգսյանն ընդգծել է, թե որքան լավ է կահավորված առաջնագիծը, այնքան ավելի փոք է ներթափանցման հնարավորությունը: Նրա ասելով, տեխնիկական կատարելագործման գործընթացը վերջ չունի, ուստի այն մշտապես գտնվում է ՊՆ ուշադրության ներքո:
2016 թվականի դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի էին բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվել էր դիպուկահարների և նռնականետերի կրակ: Ինչպես հաղորդել էր Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հայկական կողմը կրել էր կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր. «ՀԱՊԿ քարտուղարությունը խիստ մտահոգությամբ է ընդունել Հայաստանի Հանրապետության Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ տեղեկությունը: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այս գործողությունները դիտարկում ենք որպես սադրանք՝ հատկապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բավականին ծանր միջադեպի լույսի ներքո, որի ժամանակ կիրառվեց ծանր զրահատեխնիկա: Թվում էր, թե երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների առաջնորդների գործադրած ջանքերի շնորհիվ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը, վերջապես, ավելի ակտվ կընթանա: Սակայն, վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները պարբերաբար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ, առավել ևս՝ դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը, որը հանգեցրեց զինծառայողների մահվան, լուրջ անհանգստություն է առաջացնում»: Այդ հայտարարությունը հիվանդագին արձագանք էր հարուցել Բաքվում: