Արմինֆո.Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բացատրել է ՀԱԿ համագումարում ելույթի ժամանակ իր այն պնդումը, թե «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում»։ Այդ մասին նա գրել է ilur.am կայքում զետեղված իր հոդվածում:
«Ռուսաստանի նկատմամբ համակրանքի կամ հակակրանքի տարր չպարունակող եւ արտաքին քաղաքական կողմնորոշման հետ կապ չունեցող այս ակնհայտ ճշմարտությունը տեղիք է տվել աշխարհաքաղաքական բնույթի այնպիսի բռնազբոսիկ ու անհեթեթ մեկնաբանությունների, որոնց անդրադառնալը պարզապես անլրջություն կնշանակեր։ Ղարաբաղի հարցի լուծման բանալու վերաբերյալ իմ արտահայտած պնդման հիմքում ընկած են հետեւյալ անժխտելի իրողությունները։ Ի տարբերություն Ռուսաստանի, Ղարաբաղի հարցը երբեք Արեւմուտքի համար առաջնահերթություն չի եղել, ինչի վկայությունն է այն, որ վերջինս, պաշտոնական հայտարարություններից ու դիվանագիտական նախաձեռնություններից բացի, այդ ուղղությամբ որեւէ գործնական քայլ չի կատարել։ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ թե՛ 1994, թե՛ 2016 թվականի զինադադարները կնքվել են բացառապես Ռուսաստանի ջանքերով։ Վերսկսված սառը պատերազմի ներկա հանգրվանում ակտիվորեն ներգրավված լինելով Մերձավորարեւելյան իրադարձությունների հորձանուտում, Ռուսաստանը չի կարող իր սահմանների անմիջական հարեւանությամբ մի այնպիսի պայթյունավտանգ օջախ հանդուրժել, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է։ Դա է պատճառը, որ վերջին շրջանում այդ հակամարտության կարգավորման նախաձեռնությունն անցել է Ռուսաստանի ձեռքը, ինչն ըմբռնումով է ընկալվում նաեւ Արեւմուտքի կողմից։ Կրկին, ի տարբերություն Արեւմուտքի, Ռուսաստանն է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների վրա ազդեցություն գործելու ու նրանց միջեւ համաձայնություն կայացնելու արդյունավետ լծակների է տիրապետում՝ իրողություն, որ նույնպես բազմիցս շեշտվել է արեւմտյան քաղաքագետների կողմից։ Ինչպես դեռեւս մեկ տարի առաջ նշել եմ իմ հոդվածներից մեկում, «խոսքն ամենեւին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն», - ասել է առաջին նախագահը:
Նրա ասելով, շատերին զայրացրել է նաեւ այն բանը, որ ինքն Իլհամ Ալիեւին ռացիոնալ մտածողություն ունեցող պետական գործիչ է համարել։ «Դա վկայում է այն մասին, որ նրանք գաղափար անգամ չունեն, թե ինչ է նշանակում ռացիոնալ մտածողությունը։ Ռացիոնալ մտածողությամբ օժտվածությունը ո՛չ արտակարգ արժանիք է, ո՛չ էլ բացառիկության արտահայտություն։ Քանի որ մարդը բանական կենդանի է, մտածողության այդ եղանակը հատուկ է մարդկության մեծամասնությանը։ Այսինքն, ռացիոնալ մտածողությունը նորմ է, իռացիոնալը՝ բացառություն», - պարզաբանել է Տեր-Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ՀԱԿ համագումարում իր ելույթում առաջին նախագահն Ալիևին համարել էր կառուցողական առաջնորդ, իսկ Հայաստանի իշխանություններին կշտամբել այն բանի համար, որ նրանք բավականաչափ հստակ և միանշանակ չեն խոսում զիջումների անհրաժեշտության մասին: Նա նաև քննադատության էր ենթարկել «ազգ-բանակ» հայեցակարգը` այն համարելով Հայաստանի համար ոչ արդյունավետ: