Արմինֆո. Սևանի ջրի մակարդակը 2016 թվականի սկզբի համեմատ բարձրաձել է 30 սմ: Այդ մասին հայտարարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` դեկտեմբերի 27-ի ամփոփիչ մամուլի ասուլիսում:
Նախարարի ասելով, այսօրվա դրությամբ Սևանի ջրի մակարդակը կազմում է 1900մ 84 սմ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 27 սմ ավելի է:
Այս տարի Սևանա լճից ոռոգման ջրառի շրջանը մեկնարկել է հունիսի 7-ին և ավարտվել է սեպտեմբերի 12-ին: Ոռոգման նպատակով բաց թողնված ջրաքանակը կազմել է 167.135 մլն. խմ՝ ՀՀ կառավարության 02.06.2016թ. «Ոռոգման նպատակով 2016թ. Սևանա լճից ջրառի մասին» N558–Ա որոշմամբ սահմանված մինչև 170 մլն. խմ ջրառի չափաքանակին համապատասխան: 2016թ.-ին բաց թողնված ջրաքանակը 0.608 մլն.խմ-ով պակաս է 2015թ-ի համեմատությամբ: Նախարարի ասելով, 2002թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբջրի մակարդակը (1896.79մ) 3.69 մ-ով ավել է և փաստացի 0.94 մ-ով գերազանցել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված լճի մակարդակի բարձրացման տեմպերի հաշվարկային ցուցանիշը` 3.226մ (տարեկան 0.216մ): Նախարարի ասելով, 2016 թվականին լճի առափնյա անվճար հանրային լողափներ այցելել է ավելի քան 300 հազար մարդ: Միևնույն ժամանակ, «Սևան» Ազգային պարկը հանգստացողներին տարածքներ վարձակալության տալու արդյունքում հավաքել է շուրջ 168 մլն դրամ (2015 թվականին 166 մլն դրամ), որն ուղղորդվել է ազգային պարկի կանոնադրական խնդիրների լուծմանը: