Արմինֆո. ՀՀ կառավարությունը նպատակադրել է ստեղծել ազգային պարկեր և բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ հստակ մշակված զարգացման ծրագրով: Այդ մասին այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Հայաստանի լիարժեք էկոլոգիական քաղաքականության իրականացման շրջանակներում, նախարարի խոսքով, կարևոր դեր է հատկացված բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացմանն ու ընդլայնմանը: Նախարարը հիշեցրել է, որ «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարությունը և «Լիդիան Արմենիա» ընկերությունը դեկտեմբերի 12-ին Երևանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսված է 5 տարիների համար և նախատեսում է 5.7 մլն դոլարի ներդրում։ Մինասյանի խոսքով, «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումը խոստանում է կարևոր քայլ դառնալ ոչ միայն էկոհամակարգերի պահպանության ապահովման, այլ նաև տուրիզմի և գյուղատնտեսության զարգացման առումով:
Հուշագրի ստորագրման ժամանակ «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հույս է հայտնել, որ նոր ծրագիրը հաջողված կլինի նաև բնապահպանական առումով, և 5 տարի անց ազգային պարկը կդառնա տնտեսապես շահութաբեր և ամբողջովին ինքնաֆինանսավորվող նախագիծ:
Նշենք, որ 2005 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրված Lydian International ընկերությունը հանդես է գալիս որպես Lydian Armenia-ի միակ բաժնետեր, որն ունի երկրում պաշարների մեծությամբ երկրորդ` Ամուլսարի ոսկու հանքավայրի մշակնան լիցենզիա: Ամուլսարի նախագծի արժեքը կազմում է 370 մլն դոլար: Օգոստոսին կայացել է նախագծի պաշտոնական մեկնարկը: Նախապատարստական աշխատանքներն սկսվել են 2006 թվականին: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկեետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել միջին հաշվով 200 հազար ունցիա ոսկի (10 մլն տոննա հանքաքար): Ամուլսարի ծրագրի շրջանակում կստեղծվի 1300 աշխատատեղ` շինարարության գործընթացում (շինարարական աշխատանքները կտևեն մոտ 2 տարի), և 650-700 աշխատատեղ հանքավայրի շահագործման ողջ ընթացքում: Lydian International բաժնետերեր են նաև միջազգային ինստիտուցիոնալ ներդրողներ IFC և EBRD: Ընկերության բաժնետոմսերը արժենշվում են Թորոնթոյի ֆոնդային բորսայում: