Արմինֆո. 2016 թ. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել, ինչը հարուցում է ՀԱՊԿ անդամ որոշ երկրների դժգոհությունը: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, դժգոհությունն արտահայտվում է այն բանով, որ չնայած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայ թեկնածուի ավելի վաղ հայտարարված նշանակմանը՝ դա տեղի չունեցավ: Ըստ որում, նա գտնում է, որ $200 մլն վարկի շրջանակներում հայկական կողմին խոստացված սպառազինության մատակարարումների հետ կապված ուշացումը նույնպես պայմանավորված է գործընկեր երկրների հարաբերություններով:
Մանոյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Մասնավորապես, դաշնակցականը նշել է, որ հայկական կողմը որևէ տարածքային զիջման մասին չպետք է խոսի, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «ՀՅԴ կուսակցությունը համաձայն չէ ղարաբաղյան հարցի առնչությամբ թե՛ առաջին, թե՛ երրորդ նախագահների դիրքորոշումներին: Կարծում եմք, որ բանակցությունները պետք է այնպիսին լինեն, որպեսզի փոխզիջումները հավասարաչափ լինեն, սակայն այժմ զիջումների մասին խոսելը վտանգավոր է»,- նշել է նա:
Դաշնակցականը գտնում է նաև, որ տվյալ պահին ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գոծողությունների վերսկսման հավանականությունը մեծ չէ, քանի որ ապրիլյան իրադաձուրթյունների ժամանակ Բաքուն արժանի պատասխան ստացավ: «Ապրիլյան իրադարձություններն արձանագրեցին, որ բանակցային գործընացում առաջընթաց չկա, քանի որ Ադրբեջանը դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջարկներից: Ապրիլյան դեպքերից հետո բանակցային գործընթացն այլ ուղղությամբ գնաց՝ այն առումով, որ հայկական կողմը պահանջում է փոխվստահության հաստատմանն ուղղված քայլեր ձեռնարկել, իսկ Ադրբեջանը ձախողում է ցանկացած փորձ»,- ընդգծել է նա: