Արմինֆո.Վերլուծելով Թուրքիայում ռուս դեսպանի սպանությունը՝ կարևոր է ճիշտ որոշել արենան, որտեղ այն տեղի է ունեցել: Կարծում եմ՝ այն աշխարհաքաղաքական էր: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Դեկտեմբերի 19-ին Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում «Ռուսաստանը թուրքերի աչերովե լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Թիկնապահի տեսք ունեցող մարդասպանն ավելի ուշ սպանվել է թուրք ոստիկանների կողմից: Դեսպանի սպանությունը հետաքննելու նպատակով Ռուսաստանից Թուրքիա է մեկնել հատուկ ծառայությունների, ՌՔԿ և ԱԳՆ 18 աշխատակիցներից կազմված օպերատիվ քննչական խումբը:
«Այս առումով, տեղի ունեցած ողբերգության մասշտաբը նվազեցնել չենք կարող: Անիմաստ է նաև իջնել մինչև գործիքակազմի քննարկումը: Տվյալ դեպքում մենք գործ ունենք մանրամասն մտածված հատուկ գործողության հետ: Կարծում եմ՝ գործողության նախապատրաստմանը մասնակցել են թուրքական հատուկ ծառայությունները, առանց որոնց՝ դրանց իրականացումը հնարավոր չէր լինի»,- նշել է Արզումանյանը:
Ըստ նրա, եթե կատարվող ամեն բան ռուսական իշխանությունների համար «Սև կարապ» է /Խմբ.-դժվարկանխատեսելի և հազվագյուտ իրադարձությունները դիտարկող տեսություն/, դա կարող է նշանակել, որ Մոսկվան կորցրել է աշխարհաքաղաքակն խաղ վարելու կարողությունը:
Արզումանյանը նշում է, որ եթե դա աշխարհաքաղաքական արենա է և Մեծ խաղ, վատ չէր լինի հիշել, միգուցե նաև գիտակցել թուրք-ռուսական միության անհնարինությունը: Ըստ նրա, պարզապես թույլ չեն տա դրա ստեղծումը, իսկ դաշինք կառուցելու բոլոր փորձերը կհանգեցնեն այդ տերություններից մեկի փլուզմանը:
«Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռամիությունն, իհարկե, որոշակի մտորումների տեղիք է տալիս, սակայն, ըստ երևույթին, այն նույնպես հնարավոր չէ: Եվ նման իրավիճակում, երբ Ռուսաստանն ստիպված է մտածել հաջորդ քայլի մասին, երբ նրան արդեն մատ են արել, այն լիավին կարող է շրջել խաղատախտակը: Դա նույնպես արդյունավետ քաղաքականություն է, եթե, իհարկե, դրա համար կա անհրաժեշտ հզորություն»,-ամփոփել է վերլուծաբանը: