Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում տեղաշարժերի բացակայության հարցում ԵԱՀԿ-ին կամ վերջինիս նախագահությանը պետք չէ մեղադրել: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտանմայերը՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, որ բանակցային գործընթացը փակուղի է մտել:
Նա հայտարարել է, որ չի ցանկանում մատնանշել այն կողմին, որն ապրիլյան ագրեսիա է սկսել, ինչի հետևանքով շատ մարդիկ են զոհվել: Ըստ որում, նա գտնում է, որ եթե ԵԱՀԿ-ն չկարողանար լարվածության թուլացման հասնել, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտությունը նոր ուժով կբռնկեր: «Համանախագահներն աշխատում են բանակցությունները վերսկսելու համար, բայց դա հեշտ չէ անել ապրիլից հետո»,- հայտարարել է նա:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ կցանկանար, որ հակամարտության կողմերն ավելի բաց լինեին և փոխզիջման հասնեին: «Սակայն, ԵԱՀԿ-ն չի կարող ստիպել նրանց, այլ կարող է միայն հող նախապատրաստել դրա համար»,- նշել է նա:
Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆԽ 23-րդ նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոյի համատեղ հայտարարությունում Երևանին ու Բաքվին կոչ է արվում պահպանել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Կոչ ենք անում կողմերին վերացնել բոլոր խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման հարցում և առաջընթացի հասնել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին առաջարկի առնչությամբ: Առաջարկները պետք է իրականցվեն կարգավորման շուրջ բանակցությունների անհապաղ վերսկսմանը զուգընթաց: Մենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին կրկին կոչ ենք անում ճկունություն դրսևորել և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ` առկա աշխատանքային առաջարկների հիման վրա դեպի կայուն խաղաղության հաստատում առաջ շարժվելու վճռական մտադրությամբ: Եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, բռնության վերսկսման սպառնալիքը միայն կմեծանա, իսկ դրա համար ողջ պատասխանատվությունը կընկնի կողմերի վրա»,-ասված է հայտարարությանմեջ: