Արմինֆո.ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումից հետո միայն: Այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 9-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների համբուրգյան հայտարարությունը:
«Մենք պետք է տեսնենք այդ պայմանավորվածություններն իրականացնելու Բաքվի ցանկութունը, քանի որ միայն այդ դեպքում են հնարավոր տեղաշարժեր բանակցային գործընթացում»,- նշել է նա՝ ավելացնելով, որ երկու երկրների նախագահների հանդիպումը նման պայմաններում արդյունավետ չի լինի: Ըստ որում, հանրապետականը գտնում է նաև, որ Մինսկի միջնորդները պետք է հանդես գան հասցեական հայտարարություններով: «Սակայն, այժմ նրանք դա չեն անում, քանի որ վախենում են վնասել բանակցային գործընթացին»,- ընդգծել է քաղաքական գործիչը: Բաղդասարյանը հայտարարել է նաև, որ տվյալ պահին հայկական կողմի համար գերակայություն է Արցախի ինքնորոշումը: «Մենք երբեք չենք խոսել պատերազմի անհնարինության մասին, սակայն չեմ կարծում, որ Բաքուն պատրաստ է պատերազմի»,- հայտարարել է նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ ապրլյան պատերազմից հետո խոսքը վերաբերել է ոչ թե բանակցություններին, այլ՝ բանակցությունների վերսկսման համար պայմանների ապահովմանը: «Խոսքը, մասնավորապես, հրադադար ռեժիմը խախտողների հայտնաբերման համապատասխան մեխանիզմների ստեղծման մասին է: Ցավոք, դա մենք չունենք, հետևաբար՝ անհրաժեշտ է ապահովել պայմանավորվածությունների կատարումը»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ հնարավոր չէ բանակցություններ վարել, իսկ մեկ ժամ անց խախտել հրադադարի ռեժիմը:
«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Մհեր Շահգելդանը հայտարարել է, որ հայկական կողմը պետք է շարունակի պնդել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործում և բանակցությունների վերսկսում: «Պայմանավորվածությունների իրականացման հետ կապված ինչ-որ արդյունքների հասնելուց հետո միայն կարելի է սկսել բանակցությունները»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ Երևանի ներկայիս դիրքորոշումը ճիշտ է:
Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆԽ 23-րդ նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոյի համատեղ հայտարարությունում Երևանին ու Բաքվին կոչ է արվում պահպանել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Կոչ ենք անում կողմերին վերացնել բոլոր խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման հարցում և առաջընթացի հասնել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին առաջարկի առնչությամբ: Առաջարկները պետք է իրականցվեն կարգավորման շուրջ բանակցությունների անհապաղ վերսկսմանը զուգընթաց: Մենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին կրկին կոչ ենք անում ճկունություն դրսևորել և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ` առկա աշխատանքային առաջարկների հիման վրա դեպի կայուն խաղաղության հաստատում առաջ շարժվելու վճռական մտադրությամբ: Եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, բռնության վերսկսման սպառնալիքը միայն կմեծանա, իսկ դրա համար ողջ պատասխանատվությունը կընկնի կողմերի վրա»,-ասված է հայտարարության մեջ: