Արմինֆո.Ազգային ժողովի ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավոր նախագահ Սերժ Սարգսյանը: Դեկտեմբերի 9-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Սերժ Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն է, և որևէ հիմք չկա, որ նա չգլխավորի նախընտրական ցուցակը»,- նշել է Բաղդասարյանը: Նա նաև հավելել է, որ ՀՀԿ-ն դեմ չէ նախընտրական համագործակցությանը որևէ ուժի հետ, սակայն այն պետք է հիմնված լինի գաղափարախոսության վրա: Նա նաև հայտարարել է, որ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում հաղթելու մեծ հնարավորություն ունի:
ՀԱԿ խմբակցության ղեկացար Լևոն Զուրաբյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ՀԱԿ համամասնական ցուցակը կգլխավորի դրա առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա ասելով, տարիքային պատճառը, որի առնչությամբ Տեր-Պետրոսյանը չէր մասնակցել նախագահական ընտրություններին, տվյալ դեպքում կարևոր չէ: «Նախագահական գործունեությունը բավականին բարդ է, իսկ այս դեպքում ոչ մի արգելք չկա», - նշել է ընդդիմադիր գործիչը: Ընդ որում նա հավաստիացրել է, որ առաջին նախագահը ծավալուն հայտարարությամբ հանդես կգա ՀԱԿ առաջիկա համագումարում:
ԲՀԿ խմբակցկության անդամ Միքայել Մելքումյանն էլ հայտարարել է, թե կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է ընդդիմադիր դիրքերից: Նա կարծում է, որ կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձը ընտրությունների ընթացքում հաշվեկշիռ կստեղծի ընդդիմության և կառավարող կուսակցության միջև: «Ծառուկյանը կգլխավորի մեր նախընտրական սխեման, սակայն վերջնական ձևաչափերի և մանրամասների վերաբերյալ պետք է հայտարարի միայն ինքը` Ծառուկյանը», - ընդգծել է Մելքումյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2017 թվականի ապրիլի 2-ին: Խորհրդարանական ուժերի հիմնական մասն արդեն հայտարարում է այլ ուժերի հետ համագործակցելու և նախընտրական դաշինքների կազմում դրանց մասնակցելու պատրաստակամության մասին: Ընտրություններում համագործակցության մասին արդեն հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը»: