Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարները կրկին հավատարմություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` բանակցությունների հիման վրա:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, այդ մասին ասվում է Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆԽ 23-րդ նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոյի համատեղ հայտարարությունում:
«Այս տարվա ապրիլին շփման գծի երկայնքով բռնության կտրուկ աճի լույսի ներքո մենք մտահոգություն ենք հայտնում շարունակվող զինված միջադեպերի, այդ թվում ծանր զինատեսակների կիրառման վերաբերյալ հաղորդումների առնչությամբ: Մենք խստորեն դատապարտում ենք ուժի և դրա սպառնալիքի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և ոչ մի արդարացում չկա խաղաղ բնակիչների մահվան և վիրավորման դեպքերի համար: Մենք նաև տեղյակ ենք ռազմաճակատում ապրիլին տեղի ունեցած վայրագությունների մասին, որոնք դատապարտում ենք ամենայն վճռականությամբ: Մենք կոչ ենք անում կողմերին հաստատել հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը` որպես տարածաշրջանի ժողովուրդների միջև համերաշխության հաստատման միակ ճանապարհ: Մենք նաև կողմերին կոչ ենք անում խստորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին», - ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունում:
Ընդ որում, տարածված հայտարարությունում Երևանին ու Բաքվին կոչ է արվում պահպանել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Մենք ողջունում ենք կողմերի գրանցած առաջընթացը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հարցում: Կոչ ենք անում կողմերին վերացնել բոլոր խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման հարցում և առաջընթացի հասնել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին առաջարկի առնչությամբ: Առաջարկները պետք է իրականցվեն կարգավորման շուրջ բանակցությունների անհապաղ վերսկսմանը զուգընթաց: Մենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին կրկին կոչ ենք անում ճկունություն դրսևորել և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ` առկա աշխատանքային առաջարկների հիման վրա դեպի կայուն խաղաղության հաստատում առաջ շարժվելու վճռական մտադրությամբ: Եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, բռնության վերսկսման սպառնալիքը միայն կմեծանա, իսկ դրա համար ողջ պատասխանատվությունը կընկնի կողմերի վրա»:
Միջնորդները նաև հիշեցնում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքների վրա, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերի վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողությանը, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցք, հետագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում` պարտադիր իրավաբանական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանված բոլոր անձանց և փախստականների` իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունք և անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություններ:
«Մեր երկրները շարունակելու են սերտորեն փոխգործակցել կողմերի հետ, և մենք կոչ ենք անում նրանց ամբողջությամբ օգտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական օժանդակությունից: Համանախագահող երկրները պատրաստ են անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում` երբ նրանք պատրաստ լինեն: Մենք խորապես համոզված ենք, որ նախագահները պետք է բարի կամքով բանակցություններ սկսեն` առաջին իսկ հնարավորության դեպքում: Նախագահների միջև շարունակական և ուղիղ երկխոսությունը, որն անցկացվում է համանախագահների հովանու ներքո, մնում է վստահության ամրապնդման և հաշտության գործընթացում առաջ շարժվելու կարևորագույն տարրերից մեկը», - ընդգծված հայտարարության մեջ: