Արմինֆո. Ամենագլխավորն այն է, որ Ադրբեջանը և Հայաստանը հավատարիմ մնան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ ԵԽ առջև ստանձնած պարտավորություններին: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոանիս Կասուլիդիսը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Նա ընդգծել է, որ Եվրախորհրդի Նախարարների կոմիտեում Կիպրոսի նախագահությունն անաչառ կլինի: «Մեր հիմնական սկզբունքը նախագահության շրջանում անաչառությունն է, մենք մտադիր չենք ինչ-որ մեկի կողմը բռնել: Ինչպես ինձ հայտնի է, ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ամենագլխավորն այն է, որ Ադրբեջանը և Հայաստանը հավատարիմ մնան այդ հարցի խաղաղ կարգավորման առնչությամբ ԵԽ առջև ստանձնած պարտավորություններին: Եվրախորհուրդը լիովին աջակցում է Մինսկի խմբի միջնորդների ջանքերին: Կարծում եմ, որ մինչև հաջորդ ամառ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման անցկացումը ճիշտ քայլ կլիներ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման համար: Եվրախորհուրդն իր հերթին կարող է իր ներդրումն ունենալ այդ գործում՝ օգնելով մինչև հակամարտության լիակատար կարգավորումը կողմերի միջև փոխվստահության համար պայմաններ ստեղծել»,- ասել է նա, հայտնում է ԱՊԱ-ն: