Արմինֆո.Սփյուռքահայերն արձագանքել են հայկական բանկերում 1000-ական դոլար ներդնելու նախարար Հրանուշ Հակոբյանի կոչին, ինչը մեծ հաճույք է պատճառել նրան: Այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Երեկ այնպիսի մի գումարի մասին հայտնեցին ինձ, որ հաճույք ստացա: Մեկն ասաց, որ 1,5 մլն դրամ է ներդրել հայկական բանկերում»,- ընդգծել է նա: Ըստ որում, նախարարը նշել է, որ կարող է ցույց տալ նամակներ, որոնցում երևում է Սփյուռքի հայերի դիրքորոշումը: «Մի քանի օր առաջ մի կին Լիբանանից խորհուրդ էր հարցնում, թե որ բանկում կարելի է 200 հազար դոլար ներդնել: Պատասխանեցի, որ ցանկացած բանկում, միայն թե հայկական բանկ լինի»,- ընդգծել է նա:
Ըստ որում, նա համոզված է, որ իր կոչից հետո լուրջ ներդրումեր են արվել հայկական բանկերում, սակայն այդ մասին հայտնի չէ, քանի որ գործընթացը գաղտնի է: «Կանադայից մի հայ յուրաքանչյուր դստեր համար 3000-ական դոլար է ներդրել բանկերում: Շատերն իմացել են այդ մասին և հետևել նրա օրինակին»,- հայտարարել է նա:
Նշենք, որ ՀՀԿ 16-րդ համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ հայտարարելով, որ առկա մարտահրավերները պահանջում են խնդիրների լուծման նոր մոտեցումներ նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններում:
«Մենք ունենք Հայաստանի զարգացմամբ մտահոգ սփյուռք, ունենք աշխարհում հաջողության հասած այնպիսի հայրենակիցներ, ում անձնական և ինստիտուցիոնալ հնարավորությունները Հայաստանում ինչ-որ բան առաջ տանելու հարցում շատ ավելին են, քան անգամ պետական մի քանի գերատեսչությունների կարողությունները միասին վերցրած։ Եվ այդ մարդիկ իսկապես մտահոգ են Հայաստանի զարգացմամբ։ Ուրեմն եկել է նաև միասնաբար զարգացման քաղաքականություն իրականացնելու ժամանակը»,- ընդգծել է նա: