Արմինֆո. Կառավարության 2017-2019 թվականի միջնաժամկետ ծրագրով ամրագրված 5% տնտեսական աճը չի լուծում Հայաստանի առջև ծառացած պրոբլեմները: Այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խոսելով երկրի 2017 թվականի բյուջեի նախագծի մասին:
Ըստ Զուրաբյանի, երկրի ՀՆԱ աճի տեմպերը պետք է լինեն տարեկան առնվազն 7-8%: Նման թվերի բացակայությունը, ըստ պատգամավորի, կբերի պետական պարտքի աճին, և որպես հետևանք, դեֆոլտի: Նույնիսկ վարչապետ Կարեն Կարապետյանը «Բլումբերգի» հետ հարցազրույցում նշել էր երկրի արտաքին պարտքի աճի վտանգի մասին: Վարչապետն ուղիղ նշել էր, որ 2017 թվականին ՀՆԱ-ի նախատեսված 3.2% աճը չի կարող լուծել կենսական պրոբլեմները: Ավելին, ըստ վարչապետի, երկրի արտաքին պարտքն ավելի արագ է աճում, քան ՀՆԱ-ն: «Տարօրինակ է, որ հասկանալով այս ամենը, կառավարությունը, փաստորեն, հաստատում է, որ չունի երկրի զարգացման ծրագիր: Վարչապետի այս հայտարարություններն ապացուցում են սեփական անօգնականության մասին»,-նշել է Զուրաբյանը:
Ըստ պատգամավորի տվյալների, Հայաստանի տնտեսության աճի իրական տեմպերը գտնվում են ավելի վատ վիճակում, քան այն, ինչը նախատեսվում է: 2016 թվականին, շարունակել է պատգամավորը, նախատեսվում էր, որ ընթացիկ տարում երկրի ՀՆՍ-ն կլինի 2.4% սահմաններում, իսկ Կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով այն կկազմի 1.3-1.8%: «Դա նշանակում է, որ վերջին մի քանի ամիսներին երկրի տնտեսությունն սկսել է փլուզվել»,-նկատել է Զուրաբյանը: Նա հավելել է, որ նման իրավիճակում կառավարությունը պետք է հեռանա, ճանապարհ բացելով այն քաղաքական ուժին, որն ի վիճակի է իր վրա վերցնել ողջ պատասխանատվոթյունը, և ունի կառավարման և զարգացման ծրագրեր: «Ներկայիս իշխանությունները չունեն Հայաստանի զարգացման բանալին, չկա նույնիսկ զարգացման հայեցակարգ»,-նշել է պատգամավորը:
Իսկ ՀԱԿ-ն ունի այդ բանալին, ապահովելով ՀՆԱ-ի տարեկան առնվազն 7% աճ, գտնում է Զուրաբյանը: Դրա համար պետք է օրինակ վերցնել Վրաստանից, դեպի ուր հոսում է հայկական բիզնեսը, փրկվելով ճնշումներից իր հայրենիքում: Կառավարման համակարգը Հայաստանում պետք է նմանեցվի Վրաստանի կառավարման համակարգին: Անհրաժեշտ է, օրինակ, ջարդել մենաշնորհների համակարգը, 25% նվազեցնել գազի և էլեկտրաէներգիայի սակագները, 14 հարկատեսակների փոխարեն թողնել 5 հարկատեսակ, ինչպես դա արվում է Վրաստանում, ինչպես նաև պարզեցնել հարկային համակարգը: Կարևոր է նաև խրախուսել և պաշտպանել ձեռնարկատիրական գործունեությունը, այլ ոչ թե «նախաձեռնություններով» խցկվել ընկերությունների բաժնետոմսերի 50%-ը երկրի պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց վերահասցեավորելու առաջարկներով, ազատել շահութահարկից, կրճատել «ստվերային տնտեսության» ծավալները, ապահովել դեպի Հայաստան ներդրումների ներհոսքը: Իսկ բյուջետային միջոցները պետք է ուղղվեն բարձր տեխնոլոգիաների գծով ռազմավարական պատվերների զարգացմանը, պետք է կատարվեն տույժերի ու տուգանքների ամնիստիա գյուղատնտեսական վարկերի գծով, սկսվի ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ: Ելնելով այս ամենից, ՀԱԿ խմբակցությունը կքվեարկի օրինագծին դեմ, նշել է պատգամավորը, հավելելով, որ 2017 թվականի ապրիլին Հայաստանի ժողովրդին հնարավորություն կընձեռվի ազատվել տնտեսությունը խեղդող իշխանություններից:-