Արմինֆո.Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Սիսի կաթողիկոսարանի կալվածքը վերադարձնելու հարցով:
Արամ Ա-ն այդ մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի կալվածքները վերադարձնելու հայցի քննարկումը: «Դեկտեմբերի 6-ը կարեւոր օր է լինելու հայ ժողովրդի եւ, մասնավորապես, հայ եկեղեցու համար: Սա առաջին իրավական քայլն է ընդդեմ Թուրքիայի` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո: Իրավական այս գործընթացը երկար եւ լուրջ մտորումների, խորհրդակցության եւ ուսումնասիրության արդյունք է` հիմնված միջազգային իրավունքի վրա, այդ թվում եւ 1923 թվականի Լոզանի կոնֆերանսի որոշումների վրա, որն առնչվում է Թուրքիայի Հանրապետության սահմաններում բնակվող փոքրամասնություններին: Եկել է ժամանակը ճանաչման փուլից անցնելու փոխհատուցման փուլի` այդ ճանապարհին չմոռանալով Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը: Սիսի կաթողիկոսարանի վերադարձման մեր պահանջը դեկտեմբերի 6-ին կներկայացվի ՄԻԵԴ», - հայտարարել է Արամ Առաջին կաթողիկոսը Լիբանանում տեսագրված ուղերձում:
Սիսի կաթողիկոսարանի կալվածքը հետ պահանջելու մտադրության մասին Արամ Ա կաթողիկոսը հայտարարել էր 2014 թվականին Երևանում` Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի ընթացքում: «Եթե դատը շահենք, կլինի մեր ժողովրդի, հայրենիքի ու եկեղեցու պատիվն ու հաղթանակը: Եթե տանուլ տանք, դարձյալ կհաղթենք, քանզի կհիշեցնենք, որ մենք պահանջում ենք իրավունքների վերականգնում, քանի տարի էլ որ անցնի Ցեղասպանությունից հետո», - հայտարարել է Արամ Ա-ն: Նրա ասելով, պետք է զերծ մնալ այն պատկերացումից, թե Ցեղասպանության ճանաչումը պայքարի վերջնական նպատակն է:
Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293-1441 թվականներին եղել է Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում: 1292-ին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն եւ տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը 1293 թվականին տեղափոխել է Սիս: Կիլիկիայի Հայկական Թագավորության անկումից հետո (1375 թիվ), 1441 թվին Էջմիածնի խորհուրդը որոշում է կայացեր Մայր աթոռը սկզբնական նստավայր` Էջմիածին վերադարձնելու մասին: