Արմինֆո.Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը մտադիր է հետևել 2017 թվականի ապրիլին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին: Այդ մասին նա հայտարարել է առցանց մամուլի ասուլիսւոմ, որին մասնակցել են նաև դերասանուհի Արսինե Խանջյանն ու կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:
Մամուլի ասուլիսի մասնակիցները միաձայն հայտարարել են ապրիլին Հայաստան այցելելու մտադրության մասին` խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով:
Խոսելով «Արդարություն Հայաստանում» հանրագրի արդյունքների մասին` Սերժ Թանկյանն ընդգծել է, որ Սփյուռքը կտրված է Հայաստանի իրադարձություններից, և կարևոր չէ, թե դրանք ինչ բնույթի են` քաղաքական, տնտեսական կամ սոցիալական: «Այդ փորձն ակնհայտ օրինակն է այն բանի, որ Հայաստանն ու Սփյուռքը բաժանված են, և մենք հենց դա պետք է փոխենք», - հայտարարել է Թանկյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը և Ատոմ Էգոյանը Change.org կայքում նախաձեեռնել էին «Արդարություն Հայաստանում» վերնագիրը կրող հանրագիր, որն ստորագրել էին մոտ երեք տասնյակ անվանի գործիչներ Սփյուռքից և Հայաստանից:
«Մենք՝ Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայերս, միասնաբար հանձնառու ենք Հայաստանում անհապաղ փոփոխություններ և արդարություն հաստատելու գործին:
2016թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած բողոքի ալիքների լույսի ներքո, որոնք հանգեցրին մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների,
Մենք ասում ենք
Ո՛Չ համակարգային կոռուպցիային, մենաշնորհներին, դատական անհավասարությանը, ոստիկանության բռնի գործողություններին, կողմնակալ քաղաքականությանը, իրավունքների անհավասարությանը, արտագաղթին և ընտրակեղծարարությանը, որոնք հանգեցրել են շարունակական հուզումների:
Մենք ասում ենք
ԱՅՈ՛ բոլոր մարդկանց հավասարությանը, մարդու իրավունքների հիմնարար պահպանմանն ու պաշտպանությանը, արդար և թափանցիկ ընտրություններում ուղղակի ներգրավվածությանը, օրենքի գերակայության հանդեպ հարգանքին, արդար վարձատրությանը, իշխանությունների տարանջատմանը, ազատ մամուլին և իրավազուրկների պաշտպանությանը: Մենք ասում ենք ԱՅՈ՛ շոշափելի ժողովրդավարական փոփոխություններին՝ քաղաքացիական ներգրավվածության միջոցով:
Որպես հայերի համաշխարհային համայնք՝ մենք ցանկանում ենք, որ Հայաստանի քաղաքական ղեկավարները մարմնավորեն ազնվություն, իմաստնություն, բանականություն, դրսևորեն դիվանագիտական կեցվածք, լինեն հաշվետու, կարեկցող, արդյունավետ, ունենան Հայաստանի ժողովրդի հրատապ կարիքների հարցում տեսլական՝ այդ կերպ ապահովելով իրավահավասար, արդար և կառուցողական ճանապարհ դեպի իրական ժողովրդավարություն, որի դեպքում յուրաքանչյուր ձայն կարևոր է:
«Արդարություն Հայաստանում» արշավը մտահոգ աշխարհասփյուռ հայերի դաշինք է, որոնք հավատում են Հայաստանի ժողովրդի հետ համերաշխությանը և նրան, որ պետք է ազատ ու արդար ընտրություններում ներկա լինել որպես վկաներ և դիտորդներ, միևնույն ժամանակ, Հայաստանի բնակչութան հետ միասին ակտիվ ներդրում ունենալ մեր ազգի ներկայի և ապագայի կառուցման գործում:
Մենք պետք է ուրվագծենք մեր ժողովրդի տոկունությանն արժանի իրավահավասար մի պետություն և կառուցենք այն: Հաշվի առնելով մեր բացառիկ արժեքներն ու խառնվածքը՝ Հայաստանը կարո՛ղ է և պե՛տք է դառնա հնարավորության, ստեղծարարության, ժողովրդավարության և հույսի երկիր անհանգիստ տարածաշրջանում: Այլընտրանքն աներևակայելի է», - ասվում է հանրագրում: