Արմինֆո. «Երկրի հազարավոր քաղաքացիների խնդրանքով Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նա հավաստիացրել է, որ Ծառուկյանը, միանշանակ, գործելու է ընդդիմադիր դաշտում, հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԲՀԿ-ն չի փոխել իր քաղքական գիծը»: Զոհրաբյանը նաև չի բացառել, որ Ծառուկյանը կրկին կարող է գլխավորել կուսակցությունը: «Նա վերադառնում է, որպեսզի երկրում լուրջ բարեփոխումներ իրականացնի», - հավաստիացրել է Զոհրաբյանը: Պատգամավորը հաղորդել է, որ Ծառուկյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ և կպատասխանի բազմաթիվ հարցերի:
Զոհրաբյանը, միևնույն ժամանակ, հավաստիացրել է, որ Ծառուկյանի վերադարձն ամենաքիչն սպասում էին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, քանի որ դրանից նրանց խաղաքարտերը խառնվեցին»: Նա նաև հերքել է այն տեղեկատվությունը, թե Ծառուկյանն իր վերադարձը քաղաքականություն համաձայնեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այդուհանդերձ, նշելով, որ պետության ղեկավարի հետ նրա «հարաբերությունները նորմալ են»:
Զոհրաբյանը նաև հավաստիացրել է, որ ինքը Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու փաստի նկատմամբ հասարակության բացասկաան արձագանքի առնչությամբ մտավախություն չունի, քանի որ այս տարիներին նա մանրամասն հիմնավորել է իր հեռանալու դրդապատճառները: Անդրադառնալով կուսակցության նախընտրական ծրագրերին` նա նշել է, որ տվյալ պահին ԲՀԿ-ն չի դիտարկում որևէ քաղաքական ուժի հետ համախմբման տարբերակ: Ընդ որում, Զոհրաբյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել համախմբվել հանուն երկրում արդար ընտրությունների անցկացման:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացել էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ առճակատումից հետո, երբ որոշել էր անցնել արմատական ընդդիմության ճամբար: Սակայն, ինչպես ավելի վաղ հաղորդել էին ԱրմԻնֆո-ի` նախագահի աշխատակազմին մոտ աղբյուրները, Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել քաղաքկանություն վերադառնալու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ հետ մեկ դաշինքում համախմբելու շուրջ: