Արմինֆո.Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուս» միջազգային կինոմրցանակի հիմնական հավակնորդների ցուցակում` «Օտար լեզվով լավագույն ֆիլմը» անվանակարգում: Ֆիլմը ներկայացվել է որպես հայ-ռուսական համատեղ արտադրանք:
Այդ անվանակարգում «Ոսկե գլոբուսի» համար պայքարելու շանսեր ունեցող 42 ֆիլմերի ցուցակը հրապարակվել է կինոմրցանակի պաշտոնական կայքում` http://www.goldenglobes.com/entertainment-news/2016-foreign-film-submission:
«Ռեժիսորի համար դա շատ հատուկ նախագիծ էր, որում նա ցանկանում էր ցուցադրել ոչ միայն մահ և ավերածություն, այլև` մղձավանջին դեմ հանդիման հայտնված մարդկանց հույսն ու ոգին: Ռեժիսորն ու պրոդյուսերը ֆիլմի սցենարում ավելացրել են որոշ ռուսական և ֆրանսիական խորհրդանիշներ` տուժածներին օգնության գործում այլ երկրների դերը ցույց տալու համար», - նշվում է «Ոսկե գլոբուսի» մեկնաբանությունում:
Դեկտեմբերի 12-ին կհրապարակվի մրցույթի կարճ ցուցակը: