Արմինֆո. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Բոսնիա և Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչը հայտնվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական պատերաազմի կենտրոնում». այդպիսի վերնագրով հոդված է հրապարակվել սերբական BLIC կայքում։
Հոդվածում նշվում է, որ նոյեմբերի 2-ին Բոսնիա և Հերցեգովինայի խորհրդարանում նամակ է ստացվել ԵԽԽՎ-ից, որում ասվում է, թե Հայաստանը Մարկովիչին կասկածում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ զեկույց (Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույց – խմբ.) կազմելիս Ադրբեջանի կողմից կաշառվելու մեջ: Աղբյուրն ընդգծում է, թե նամակում նաև նշվում է, որ Մարկովիչը կաշառք է ստացել Ադրբեջանի օգտին զեկույց կազմելու համար: «Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության մեծ մասը հայեր են, 1991 թվին հայտարարել է Ադրբեջանից իր անկախության մասին, սակայն միջազգային ճանաչում չի ստացել։ Մինչև այժմ շարունակվում է քաղաքական և երբեմն նաև ռազմական հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի պատճառով էլ 2014 թվականին ԵԽԽՎ-ն Մարկովիչին նշանակել էր զեկուցող, որպեսզի ամբողջական տեղեկատվություն հավաքի տարածաշրջանում ջրամբարների վերաբերյալ։ Նրա զեկույցի շուրջ ԵԽԽՎ-ում կայացել է քվեարկություն, ինչն էլ հայերի զայրութն է հարուցել», - ասվում է հոդվածում։ Նաև նշվում է, որ ԵԽԽՎ նախորդ բանաձևերից մեկի ընդունման ժամանակ (նկատի է առնվում Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Լուկա Վոլոնտեի զեկույցը – խմբ.) ապացուցվել է, որ իտալացի պատգամավորն իր հաշվին ստացել է անհայտ ծագման 2,4մլն եվրո։ «Այդպիսով, հայկական կողմի համոզմամբ, քանի որ Միլիցա Մարկովիչն անտեսել է դիտարկման գործընթացում բոլոր ասպեկտների և կողմերի ուսումնասիրումը, հիմք կա ենթադրելու, որ այդ բոլոր գործողությունների հետևում թաքնված է նույնպիսի պայմանավորվածություն», - նշվում է նամակում:
Մինչդեռ ինքը` Միլիցա Մարկովիչը, EuroBlic-ի հետ հարցազրույցում հայտարարել է, թե այդ ամենն անհեթեթություն և շահարկում և ոչ մի կապ չունի իրականության հետ, թե, հայերն, իբր, հրաժարվել են համագործակցել իր հետ, իսկ հետո զայրացած սկսել են նամակներ ուղարկել։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարի 26-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիակազմ նիստում 98 «կողմ», 71 «դեմ» և 40 «ձեռնպահ» ձայներով հաստատվել է Միլիցա Մարկովիչի կազմած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» աղմկահարույց զեկույցը, որում մասնավորապես, հայկական կողմը մեղադրվում է Սարսանգի ջրի միակողմանի օգտագործման համար: