Արմինֆո.Հայաստանի իշխանությունների
առաջնահերթ խնդիրն է՝ 2017 թվականի գարնանը կազմակերպել և անցկացնել անբիծ ընտրություններ, ինչի մասին հայտարարվեց նաև Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի ժամանակ: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով «168 ժամ» թերթի հարցին:
Նա կրկին հայտարարել է, որ գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու դեպքում կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը:
«5-6 ամսում գնահատել կառավարության գործունեության արդյունքները դժվար է, եթե էական ձախողումներ չլինեն: Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ Կարեն Կարապետյանի որդեգրած կառավարման մշակույթը, աշխատաոճն ու մոտեցումները խոստումնալից են»,- հայտարարել է պետության ղեկավարը:
Նրա հավաստմամբ, Կարեն Կարապետյանի գործունեության այս կարճ ժամանակահատվածը ցույց տվեց, որ նա իսկապես գործի մարդ է: «Վարչապետն այսօր նոր շունչ ու թարմություն է հաղորդել կառավարության աշխատանքին՝ ցույց տալով, որ խնդիրները լուծելու միակ ճանապարհը ժամանակակից ճկուն և արդյունավետ կառավարումն է: Նա իր գործունեությամբ արդեն հասցրել է նաև դրական ակնկալիքներ ձևավորել հասարակության մեջ, և վստահ եմ, որ կկարողանա իրականացնել կառավարության մտահղացումները»,- ասել է Սերժ Սարգսյանը: