Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը կասկածի տակ դրեց
Ռուսաստանի հանդեպ իր լոյալությունը: Այդ մասին ասվում է «Stratfor» վերլուծական կենտրոնի զեկույցում:
«Իրավիճակը, հնարավոր է, մասամբ սրվեց, քանի որ Ռուսաստանը չափազանց զբաղված էր Սիրիայում և Ուկրաինայում հակամարտություններով, որպեսզի միջամտեր»,- նշվում է հոդվածում: Ըստ որում, «Stratfor»-ի վերլուծաբանները գտնում են, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմմաբ ճնշման թուլացման դեպքում, Մոսկվայի դիրքերը, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ, կամրապնդվեն:
Փորձագետների խոսքով, նույնիսկ այն երկրները, որոնք քիչ թե շատ չեզոք էին Արևմուտքի ու Ռուսաստանի միջև դիմակայության հարցում, կարող են սրբագրել իրենց դիրքորոշումը։ «Մոսկվան կարող է նաև ինտեգրացիոն նախաձեռնությունները, ինչպես՝ Եվրասիական տնտեսական միությունը կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, ընդլայնելու հնարավորություն ստանալ, քանի որ Եվրոպայում ուժեղացող քաղաքական պառակտումը, ամենայն հավանականությամբ, կխանգարի ԵՄ-ին կենտրոնանալ «Արևելյան գործընկերության» իր ծրագրի վրա»,- ասվում է զեկույցում։
Ընդհանուր առմամբ, զեկույցի հեղինակները կարծում են, որ երեք տարվա տնտեսական անկումից և Արեւմուտքի հետ վեճերից հետո Ռուսաստանի դրությունը, կարծես, բարելավվում է։ ԽՍՀՄ նախկին երկրները հետևում են Վաշինգտոնում և Եվրոպայում փոփոխություններին և, հնարավոր է, կվերագնահատեն Մոսկվայի նկատմամբ իրենց դիրքորոշումները ։
Նրանց կարծիքով, հաջորդ տարվա ընթացքում Ռուսաստանը կփորձի մեծացնել իր ազդեցությունը «մերձավոր շրջապատի վրա»՝ ԱՄՆ-ում նոր վարչակազմի ձևավորման և ԵՄ-ում պառակտման լույսի ներքո: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե
Արևմուտքը թուլացնի Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները 2017 թվականին, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դժվար թե հրաժարվեն հետխորհրդային տարածքում իրենց դաշնակիցներից: «Այդուհանդերձ, Եվրոպայում ու ԱՄՆ-ում տեղի ունեցող քաղաքական վերափոխումները կարող են Մոսկվային ավելի շատ հնարավորություն տալ ամբողջ Եվրասիայում իր հեղինակությունը վերականգնելու համար», - ամփոփում են վերլուծության հեղինակները։