Արմինֆո.Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածություն չկա, այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ԶՈւ մարտական դիրքերում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Մենք չենք կարծում, որ 1-2 կրակոցը լարվածություն է»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը շաբաթվա ընթացքում տեղեկացնում է շփման գծում իրավիճակի մասին, և լարվածության առաջացման դեպքում՜ հայտնում այդ մասին: «Հայաստանի և Արցախի զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը և կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները»,- հայտարարել է նա:
Անդրադառնալով ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողի վիրավորման և դա թաքցնելու փորձի թեմային՝ Հովհաննիսյանը հայտարարել է, որ տվյալ դեպքում ԼՂՀ ՊԲ-ն նպատակահարմար չի գտել հայտնել այդ մասին: «Այն ամենը, ինչ հետաքրքրություն է ներկայացնում հասարակության համար, ժամանակին հրապարակվում է, իսկ եթե դա չի արվում, ապա՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,- հայտարարել է մամուլի քարտուղարը:
Պատասխանելով հայկական բանակի՝ պայմանագրային հիմունքի անցնելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ նա ընդգծել է, որ տարեցտարի պայմանագրային զինծառայողների թիվն ավելանում է: «Սակայն, դեռ երկար տարիներ կպահպանվի խառը համակարգը, քանի որ, մեր կարծիքով, այսօր դա մեզ համար ամենաարդյունավետ տարբերակն է»,- ընդգծել է նա: