Արմինֆո.«ՀՀ Քննչական կոմիտեն հրաժարվել է քրեական գործ հարուցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի կողմից չարաշահումների վերաբերյալ իմ հաղորդման հիման վրա, քանի որ իշխանական ողջ վերնախավը հանցավոր գործարքների մեջ է, և բոլորը միմյանց հետ փոխկապակցված են, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի խորհրդարանի նախկին պատգանավոր Վահան Բադասյանը:
Նրա խոսքով, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար և Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի դեմ հաղորդում ներկայացնելով ՔԿ՝ ակնկալել է, որ վերջ կդրվի պաշտպանական գերատեսչությունում թալանին և կկանխվեն նոր հանցագործությունները: «Քննչական կոմիտեում հայտարարում են հանցադեպի բացակայության մասին, քանի որ հասկանում են, որ միմյանց հետ փոխկապակցված իշխանական վերնախավի դեմ հնարավոր չէ պայքարել»,- նշել է նա: Ըստ որում, քաղաքական գործիչը նշել է, որ, իր հաշվարկներով, միայն ալյուրի թանկ մատակարարումների հաշվին 35-40 մլն դոլար է յուրացվում: «Եթե այդ միջոցներն արդյունավետ ծախսվեն, զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների կարիքների համար քաղաքացիներից լրացուցիչ 1000 դրամ հավաքելու անհրաժեշտություն չի լինի»,- նշել է նա:
Բադասյանը կրկին հայտարարել է, որ բանակի գեներալիտետը զբաղվում է գողությամբ և խարդախությամբ: «Հենց նրանք են խարխլում մեր բանակի դիրքերը: Վերջիններիս առանձնատների չափսերը վկայում են նրանց անամոթության և անմարդկայնության մասին, հատկապես եթե համեմատենք շարքային զինծառայողների ու սպաների բնակարանային պայմանների հետ»,- ընդգծել է նա:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում Վահան Բադասյանը նոյեմբերի 21-ին հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանը, եղբոր՝ Արայիկ Հակոբյանի հետ երկար տարիներ հանդիսանալով վերջինիս անվամբ գրանցված «Սիփանե ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը կամ փոխկապակցված անձ, չարաշահել է պաշտոնեական դիրքը և շուկայական 90 ՀՀ դրամ արժեքից բարձր արժեքով՝ 1 կիլոգրամը 125-130 ՀՀ դրամով, ցորենի ձեռք բերման պայմանագիր է կնքել նշված ընկերության հետ, ինչի արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարությունից յուրացրել է մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամ գումար: Քննության արդյունքներով որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով: -լ