Արմինֆո.Հայ-ռուսական միացյալ զորախմբավորման սստեղծման շուրջ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից և նպատակաուղղված է երկրի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ընդ որում, փոխխոսնակը նշել է, որ այդ փաստաթղթով իրավական ձևակերպում է տրվում արդեն առկա իրողություններին: «Ըստ էության, միացյալ զորախմբավորումը գոյություն ուներ վաղուց, այդ փաստաթղթով դրան տրվում է իրավաբանական կարգավիճակ», - նշել է նա: Շարմազանովը հատկապես ընդգծել է այն փաստը, որ ըստ համաձայնագրի, խաղաղ ժամանակ խմբավորությունը կղեկավարի Հայաստանի ԶՈՒ սպա, ի տարբերություն ՆԱՏՕ-ի հետ միացյալ խմբավորումնրի, որոնցում ղեկավարությունն իրականացվում է բացառապես ԱՄՆ ԶՈՒ հրամկազմի կողմից:
Նա նաև տարակուսանք է հայտնել այն փորձագիտական գնահատականների առնչությամբ, թե այդ համաձայնագրի ստորագրումը վատթարացնում է հայ-վրացական հարաբերությունները: «Դա անհեթեթություն է: Այդ խմբավորման միակ առաքելությունը Հայաստանի անվտանգության պահպանումն է, այն ոչ մի այլ գործառույթ չունի», - ամփոփել է փոխխոսնակը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրել են երկու երկրների զորքերի միացյալ խմբավորման շուրջ համաձայնագիրը: Սարգսյանի ասելով, խմբավորումը կներառի Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը և Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումներ: Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր կարգադրություն, որով հավանություն էր տվել Հայաստանի հետ միացյալ զորախմբավորում ստեղծելու վերաբերյալ ՌԴ կառավարության առաջարկությանը: Նախագծի համաձայն, միցյալ զորախմբավորման հրամանատարին նշանակելու է Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը` Ռուսաստանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի հետ հանաձայնեցմամբ: Խաղաղ ժամանակ խմբավորումը ենթարկվելու է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմի ժամանակ, «կախված ստեղծվող իրավիճակից»` նաև ՌԴ հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարին: Փաստաթղթում նաև նշվում է, որ կողմերն ինքնուրույն են իրականացնելու միացյալ խմբավորման կազմում ընդգրկված իրենց զորքերի նյութատեխնիկական և ֆինանսական ապահովումը: «Տվյալ համաձայնագիրն ուղղված չէ երրորդ պետությունների դեմ», - ընդգծվում է նախագծում: Համաձայնագիրը նախատեսում է կնքել հինգ տարով, հետագա հինգ տարվա ինքըստինքյան երկարաձգմամբ` եթե կողմերից մեկը չի հայտարարում նման համագործակցությունը դադարեցնելու ցանկության մասին: