Արմինֆո. Առկա պայմաններում փակուղուց դուրս գալու հնարավորություն է ներառում բացառապես Ղարաբաղի շուրջ բանակցությունների նոր օրակարգի ձևավորումը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Իմ կարծիքով, անիմաստ է բանակցային գործընթացում ազդակներ ակնկալել առկա օրակարգի պայմաններում: Եվ միայն բանակցային նոր օրակարգը, որի ձևավորման գործում Երևանն ու Ստեփանակերտը, պարզապես, պարտավոր են լուրջ ավանդ ներդնել, կարող է նոր լիցք հաղորդել լճացած գործընթացին` մեր ժողովուրդների խաղաղության հույսերի իրականացման ուղղությամբ», - համոզված է վերլուծաբանը:
Մելիքյանն ընդգծել է, որ ապրիլյան պատերազմը շատ բանով 2007 թվականի դեկտեմբերից ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից մադրիդյան սկզբունքների հիման վրա կարգավորման տարբերակի առաջ մղման արդյունք էր: Նրա գնահատմամբ, ապրիլի քաղաքական հետևանքը հին օրակարգի հիման վրա բանակցությունները շարունակելու անհնարինությունն էր, որը կարելի է կիրառել բացառապես ապրիլին խախտված տարածքային և քաղաքական ստատուս-քվոյի վերականգնման դեպքում:
Այդ լույսի ներքո վերլուծաբանն անընդունելի է համարում նախկին պայմաններով հայ բանակցողների վերադարձը գործընթացին` դրանք համարելով Հայաստանի և Արցախի շահերին հակասող: Ընդ որում, նրա գնահատմամբ, մարտական գործողությունների վերսկսման վտանգ գոյություն կունենա մինչև բանակցային գործընթացում Երևանի և Ստեփանակերտի նոր նախաձեռնությունները` որոնք բխեն սեփական շահերից: