Արմինֆո. Հալեպում և Իրաքի հյուսիսում առկա իրավիճակը պետք է գտնվի Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, համոզված է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում և Իրաքում, անչափ հետաքրքիր է ու կարևոր, և անմիջականորեն կկանխորոշի Հայաստանի ապագան: Մեզ համար դա կարևոր է, քանի որ Թուրքիան անիջական խաղացող է այդ գործընթացներում, և նրա հետ պետք է հաշվի նստել այդ հարցերը կարգավորելիս: Մենք կունենանք բոլորովին նոր տարածաշրջան, քանի որ Սիրիան վերածվել է երկրորդ Աֆղանստանի, և մենք դեռ երկար ենք սպասելու իրավիճակի կարգավորմանը ՍԱՀ-ում», - հայտարարել է Իսկանդարյանը նոյեմբերի 30-ին մամուլի ասուլիսում:
ԱրմԻնֆոյի խնդրանքով մեկնաբանելով նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարությունը, թե Թուրքիան Սիրիա է մտել Ասադի ռեժիմի տապալմանը աջակցելու համար, փորձագետը նշել է, որ Թուրքիայի իշխանություններն այդ մասին արդեն ասել են, սակայն` ոչ այդպես բացահայտ: «Համոզված եմ, որ մնան հայտարարությունները ներքաղաքական նպատակներ են հետապնդում: Այն խոսակցությունները, թե Անկարան սեփական շահեր չէր հետապնդում, ներգրավվելով սիրիական ճգնաժամի մեջ, պարզապես, ծիծաղելի են, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան այնտեղ ունի սեփականմ շահերը: Ինչ վերաբերում է Սիրիայում ժողովրդավարական արժեքների արմատավորմանն աջակցելու վերաբերյալ հայտարարությանը, ապա հարց է ծագում, թե այսօր ով կօգներ Թուրքիային այդ հարցում, քանի որ նա աստիճանաբար վերածվում է երկրորդ Ադրբեջանի», - նշել է քաղաքագետը և այդ համատեքստում հավելել, որ Հայաստանը պետք է ուշադրությամբ հետևի Սիրիայում առկա իրավիճակին:
Ընդ որում, նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը մի երկիր է, որը հոգեբանորեն ապրում է ոչ այնտեղ, որտեղ գտնվում է աշխարհագրորեն: «Մեզ մշտապես թվում է, թե մենք ավելի մոտ ենք Եվրոպային կամ Մոսկվային, քան` Հալեպին: Իսկ դա, դժբախտաբար, այդպես չէ, և մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք այն, ինչ այնտեղ կատարվում է, և ոչ միայն այնտեղ բավականին մեծ հայ համայնքի առկայության պատճառով», - եզրափակել է քաղաքագետը: