Արմինֆո. Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստան այցն սկսել է հարավային զինվորական օկրուգի հրամանատարության հետ հանդիպումներից, քանի որ զգուշանում է ահաբեկչական կազմակերպությունների Հայաստան հնարավոր ներթափանցումից` փորձելով դա կանխել: Այդ մասին նոյեմբերի 30-ին հայտարարել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նա կարծում է, թե Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են լուրջ խնդիր մնալ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Ավելին, ռուսական կողմից գնդակոծությունից հետո նրանք թշնամաբար են տրամադրված Ռուսաստանի հանդեպ: «Կա փորձ, երբ շատ անգամ ավելի հզոր երկրին պատժելու համար պատժում են նրա ավելի թույլ դաշնակցին: Կարծում եմ, Սարգսյանը հենց դրանից է զգուշանում», - ընդգծել է փորձագետը: Ընդ որում նա կարծում է, որ Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների քաղաքացի հանդիսացող ԻԼԻՊ ներկայացուցիչները հենց Թուրքիայի տարածքով են հեռանալու Սիրիայից:
Չաքրյանը նաև կարծում է, որ հայ-ռուսական համագործակցությունը չի կարելի համեմատել թուրք-ռուսական փոխհարաբերությունների հետ: Քաղաքագետի ասելով, դրանք տարբեր տրամաբանություն ունեն: Մասնավորապես, ինչպես ընդգծել է Չաքրյանը, միակ բանը, որը կապում է Ռուսաստանին և Թուրքիային, տնտեսական համագործակցությունն է: Մինչդեռ, նրա կարծիքով, Երևանի ու Մոսկվայի շահերը համընկնում են ինչպես Սիրիայի հարցում, այնպես էլ տարածաշրջանային այլ խնդկրների առնչությամբ: «Թուրքիան ինքն է իրեն մտցրել շրջափակման մեջ և այսուհետև փորձելու է բարելավել ՌԴ հետ հարաբերությունները, սակայն դա անհնար կլինի, քանի դեռ այդ երկրում կառավարող վարչակազմը չի հրաժարվի Սիրիայում Բաշար Ասադի հետ դիմակայության քաղաքականությունից», - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ՌԴ այցն սկսվել է Ռոստովի նահանգապետի հետ հանդիպմամբ, ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև ուղղաթիռներ արտադրող «Ռոսվերտոլ» ձեռնարկություն, ծանոթացել է ձեռնարկության արտադրական հնարավորություններին, եղել է նաև ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի շտաբում, ծանոթացել օկրուգի ղեկավարման և կառավարման համակարգին: Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Հարավային օկրուգի հրամանատարության հետ, քննարկել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման շրջանակում փոխգործակցության ամրապնդման, խմբավորման կազմում ներգրավված ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման հետ կապված խնդիրներ: Բացի այդ, Ռուսաստանի և Հայաստանի ռազմական գերատեսչություններն ստորագրել են զորքերի միացյալ խմբավորման շուրջ համաձայագիրը: Փաստաթղթի ներքո իրենց ստորագրություններն են դրել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Վիգեն Սարգսյանը: