Արմինֆո. Հոլիվուդյան օսկարակիր դերասան Թոմ Հենքսը «Ֆեյսբուքի» իր էջում զետեղված տեսաուղերձով բոլորին հրավիրել է մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի բարեգործական երեկոյին, որը նախատեսվում է դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում։
Դերասանն ափսոսանք է հայտնել, որ չի կարող ներկա գտնվել երեկոյին, որտեղ տիրելու է հայկական մթնոլորտ: «Անպայման գնացեք այնտեղ: Դա հայկական արմատներին վերադառնալու հիանալի հնարավորություն է: Իսկ եթե դուք հայկական արմատներ չունեք, խնդրում եմ, պարզապես, եկեք և վայելեք երեկոն», - հայտարարել է Հենքսը:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ստեղծվել է 2000 թվականին Նյու Յորքում` դոկտոր Գարո Արմենի կողմից: Հիմանդրամի հայաստանյան գրասենյակը բացվել է 2003 թվականին: Հիմնադրամի գործունեությունը նպատակաուղղված է Հայաստանի աղքատ գյուղերում երեխաների համար ապագայի ապահովմանը` կրթության, առողջապահության, հասարակական կյանքի և տնտեսական պայմանների բարելավման միջոցով: