Արմինֆո. Բելառուսն ու Ադրբեջանը հանդես են գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորիմանը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Ինչպես հաղորդում է ԲԵԼՏԱ-ն, այդ մասին ասվում է Բելառուսի նախագահ Ակեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է նոյեմբերի 28-ին Բաքվում կայացած բանակցությունների արդյունքում: «Կողմերը նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչման արժանացած սկզբունքներին և նորմերին համապատասխան, նախևառաջ, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության ապահովման և ՄԱԿ Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ համապատասխան բանաձևերի պահպանման հիման վրա», - ասվում է հայտարարությունում: Պետությունների ղեկավարները, վկայակոչելով ԵԱՀԿ շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նպատակաուղղված ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահների գործունեությունը, կարևորել են դրանց լրացուցիչ քաղաքական ազդակ հաղորդելը` հակամարտության շուտափույթ կարգավորման գործում դրանց արդյունավետության հետագա բարձրացման համար:
Փաստաթղթում նշվում է, որ երկրներն այսուհետև էլ համաձայնեցված ջանքեր կգործադրեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչության, անդրսահմանային կազմակերպված հանցվորության, մարդկանց առևտրի, արդի այլ մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի գործում բազմակողմանի համագործակցության արդյունավետության բարձրացման համար: