Արմինֆո. Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման գործում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից, այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոնէ «Թրենդ» գործակալության հետ հարցազրույցում:
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է, խնդիրը կարող է լուծվել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է կողմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ հակամարտությունից խաղաղ ելք գտնելու հարցում: Մենք հիմք ենք ընդունում այն, որ մարդկանց համար ավելի մեծ արժեք չկա, քան հայրենի հողում խաղաղությունն ու անդորրը»,- նշել է Լուկաշենկոն:
Ընդ որում Բելառուսի ղեկավարը փաստել է, որ Բելառուսը չի «վերածվել», այլ խաղաղապահի կարգավիճակ է ձեռք է բերել հավասարակշռված, պատասխանատու քաղաքականության շնորհիվ, որը լիովին ծառայում է ինչպես ազգային շահերին, այնպես էլ եվրոպական տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: Նրա ասելով, այսօր այդ անվիճալի փաստը ճանաչում են նույնիսկ Բե,առուսի ընդդիմախոսները:
«Մինսկը համաշխարհային հանրության կողմից իրավամբ ճանաչվում է որպես առավել հարմար հարթակ Ուկրաինայի հարավում իրավիճակի կարգավորման համար: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. մենք պատարստ ենք այսուհետև էլ ապահովել Բելառուսի մայրաքաղաքում բոլոր հակամարտող կողմերի հաշտեցման նպատակով տարբեր ձևաչափերի ու մակարդակների հանդիպումների անցկացումը, պայմանով, որ նրանք մեզ դիմեն համապատասխան խնդրանքով: Դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ասեմ անկեղծ. ինչպես բելառուսներն անտարբեր չմնացին այն բանի հանդեպ, ինչ էր տեղի ունենում Դոնբասում, այնպես էլ մեր մարդկանց սրտերը ցավում են Ղարաբաղի համար: Եվ դա պատահական չէ: Չէ որ մենք բոլորս` ուկրաինացիները, ռուսները, բելառուսները, հայերն ու ադրբեջանցիները, բազմաթիվ այլ ազգերի ներկայացուցիչները դուրս ենք եկել մեկ մեծ երկրից, մեկ համերաշխ ընտանիքից, որը կոչվում էր Խորհրդային Միություն: Այդ պատճառով մենք ամեն ջանք կգործադրենք հանուն խաղաղության հաստատման, նորմալ կյանքի և մարդկանց հանգստության, որտեղ էլ որ լինի», - ամփոփել է Լուկաշենկոն: