Արմինֆո.«Ղրիմյան բանաձևի» շուրջ քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց ազգային էգոիզմի գերակշռումն Անդրկովկասի երկրների օրակարգում: Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը հերթական անգամ ցուցադրեցին իրենց արտաքին քաղաքական գծերի ավելի շատ տարբերություններ, քան ընդհանրություններ` ոչ միայն տարածաշրջանային անվտանգության հարցրում, այլև համեմատաբար հեռավոր սյուժեների առնչությամբ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ճանաչված ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Նոյեմբերի 15-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հավանություն տվեց Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկած բանաձևին, որում Ռուսաստանը բնորոշվում է որպես օկուպանտ երկիր, իսկ նրա գործողությունները` որպես բռնակցում: Նախագիծը պաշտպանեց 73 պետություն, 23-ը դեմ արտահայտվեց, ևս 76-ը` ձեռնպահ մնաց:
«Շարունակվում է Ղրիմի և Դոնբասի ցուցադրական ազդեցությունը Թբիլիսիի, Երևանի և Բաքվի արտաքին քաղաքական որոշումների մշակման և սրբագրման նկատմամբ: Ուշագրավ է, որ Վրաստանը պաշտպանել է Ղրիմի վերաբերյալ բանաձևի նախագիծը, Հայաստանը «դեմ» է քվեարկել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը», - նշել է նա:
Մարկեդոնովը Վրաստանի քվերակության արդյունքները գնահատել է որպես հետևողական, նշելով, որ Թբիլիսին ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքային ամբողջակմանության էր քվեարկել նաև 2014 թվականին` դրանով իսկ հաստատելով Ուկրաինայի հետ ռազմավարական համագործակցության Վրաստանի դիրքորոշման անփոփոխ լինելը:
Նրա գնահատմամբ, հետևողականություն է դրսևորել նաև Հայաստանը, որը 2014 թվին նույնպես ՄԱԿ-ում «դեմ» էր քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևին: Վերլուծաբանը Երևանի նման դիրքորոշումը բացատրում է, նախևառաջ, այն հանգամանքով, որ Հայաստանը Ղրիմն ընկալում է որպես ԼՂՀ ապագա ինքնորոշման կամրջակ: Թեև, բնականաբար, հաշվի է առնվել նաև Ռուսաստանի հետ բազմամյա ռազմավարակաան փոխգործակցությունը և Բաքվի հետ Կիևի նույնքան
բազմամյա գործընկերությունը:
«Որոշակի սրբագրման, զգալի մեղմման է ենթարկվել Բաքվի դիքրորոշումը: Այսպես, 2014 թվականին Ադրբեջանը բարձրաձայն հայտարարել էր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության հիմնարար սկզբունքներին հավատարմության մասին: Դա բացատրվում էր ոչ միայն հետխորհրդային դե-ֆակտո կազմավորումները, այլև Կոսովոն չճանաչելու դիրքորոշման հետևողականությամբ: Սակայն 2016 թվականի նոյեմբերին Ադրբեջանը չքվեարկեց: Չհրաժարվելով նախկին մոտեցումներից` Բաքուն նաև չցանկացավ բացահայտ համերաշխություն հայտնել Ուկրաինային», - ամփոփել է Մարկեդոնովը: