Արմինֆո.Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԼՂՀ հետ ոչ մի առնչություն չունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, նախօրեին կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Պատասխանելով մարտական գործողությունների չվերսկսման երաշխիքներին առնչվող հարցին` Քոչարյանը նշել է, որ ամենահուսալի երաշխիքը սեփական ուժերին ապավինելն է:
Փոխարտգործնախարարի համոզմամբ, ստեղծված իրավիճակից կա երկու ելք. առաջինը բանակցային գործընթացի վերսկսումն է և կարգավորման հասնելը, երկրորդ` Ադրբեջանը կարող է դիմել հարցի ուժային լուծման: «Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում երկրորդ ճանապարհի հավանականությունը նվազում է», - ասել է Քոչարյանը և այդ համատեքստում հավելել, որ դա պայմանավորված է ոչ միայն միջազգային հանրության կողմից հարցի ուժային կարգավորման անընդունելիության վերաբերյալ աճող քննադատությամբ, այլև` էներգակիրների վաճառքից ստացվող եկամուտների կրճատմամբ:
«Սակայն, հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք, մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման», - ամփոփել է փոխարտգործնախարարը: