Արմինֆո. Մինչ օրս ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին է գտնվում Մադրիդյան փաստաթուղթը՝ ընդունված երեք կողմերից երկուսի կողմից: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Փոխնախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը չի ընդունել Մադրիդյան փաստաթուղթը՝ որպես բանակցությունների հիմք: «Այլ փաստաթուղթ չկա: Բանակցային գործընթացի ընթացքում քննարկվել են մեծ քանակությամբ փաստաթղթեր, առաջարկներ, սակայն դրանցից ոչ մեկը կողմերը չեն հաստատել: Ամենահայտնին Կազանյան փաստաթուղթն է, որը նույն Մադրիդն է՝ մի փոքր փոփոխված: Եթե Կազանում Ադրբեջանը չձախողեր այդ փաստաթղթի ստորագրումը, դրանից հետո Ղարաբաղը պետք է ասեր՝ ընդունում է այն, թե՞ ոչ: Եթե պաշտոնական Ստեփանակերտն էլ համաձայնություն տար, երեք կողմերը միասին բանակցություններ կսկսեին բուն բանակցային համաձայնագրի շուրջ»,- հայտնել է Քոչարյանը:
Այս առումով նա հիշեցրել է, որ երբ առաջարկվեցին Մադրիդյան սկզբունքները, միջնորդները բացահայտ ասացին, որ կողմերի միջև անհամատեղելի դիրքորոշումներ կան: «Միջնորդներն ասում էին, որ գտել են համատեղելի դիրքորոշում, ինչը ենթադրում է ինքնորոշման իրավունքի իրացում՝ բայց միայն Լեռնային Ղարաբաղի տարածքում, և Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի ստեղծում, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանում՝ բայց առանց Լեռնային Ղարաբաղի և այդ ցամաքային կապի: Ահա միջնորդների առաջրկած բանալին»,- նշել է փոխնախարարը:
Միաժամանակ նա ավելացրել է, որ Մադրիդյան սկզբունքների ընդունումը լուրջ զիջում էր հայկական կողմից, քանի որ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղն անկախության հանրաքվե է անցկացրել և մնում էր միայն միջազգային ճանաչում:
Նա ավելացրել է, որ Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին հետաձգված հանրաքվեի անցկացում, որի արդյունքները, ըստ էության, կանխորոշված էին Հայաստանի օգտին, քանի որ դեռ խորհրդային տարիներին բնակչության վերջին մարդահամարի համաձայն, Լեռնային Ղաարաբաղի տարածքում բնակչության 75%-ը հայ էր, 25 %-ը՝ ադրբեջանցի: ՀՀ փոխարտգործնախարարը նշել է, որ այդ ժամանակ Ադրբեջանը խնդրել է ժամանակ տրամադրել, որպեսզի նախապատրաստի իր ժողովրդին Լեռնային Ղարաբաղից հրաժարվելուն:
Նա նաև նշել է, որ ապրիլյան լայնամասշտաբ ագրեսիայով Ադբեջանը խախտեց 1994-95 թթ. համաձայնագրերի շուրջ իր միջազգային պարտավորությունները: Նրա խոսքով, այդ առնչությամբ հարց է ձագում՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը նույն փաթեթային համաձայնության իրականացման դեպքում իր համար ձեռնտու պահի չի նահանջի իր ստանձնած պարտավորություններից, ինչպես ընթացիկ տարվա ապրիլին:
Խոսելով ընդհանուր առմամբ միջնորդների դիրքորոշման մասին՝ Քոչարյանը նշել է, որ այս ողջ ընթացքում համանախագահները կողմերից որևէ մեկին չեն դատապարտել: Նրա խոսքով, միջնորդները երկու առաքելություն ունեն՝ աջակցել, որպեսզի կողմերը համաձայնության գան, սակայն այստեղ առաջընթաց չկա, ինչն արդեն արձանագրվել է: «Այն, ինչ ակնհայտ էր հայկական կողմի համար, այսօր ակնհայտ է դարձել արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության համար, քանի որ Ադրբեջանը տորպեդահարում է այդ գործընթացը: Երկրորդ առաքելությունը, որն այսօր, ցավոք, առաջին պլան է մղվել՝ թույլ չտալ մարտական գործողությունների վերսկսում»,- ասել է դիվանագետը: