Արմինֆո.Հայկական կողմի համար ԵԱՀԿ ՄԽ միջնորդի պաշտոնից Ջեյմս Ուորլիքի հեռանալն անակնկալ չէր: Այդ մասին այսօր մամուլիս ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Փոխնախարարը նշել է, որ ամերիկյան արտաքին քաղաքական համակարգում գործում է ռոտացիայի սկզբունք: «Ժամկետը լրացել է, այդ պատճառով նրան փոխում են»,- ասել է Քոչարյանը:
Նա չի մեկնաբանել նաև Ուորլիքի նոր աշխատանքի անցնելը: «Հեռնալով միջնորդի պաշտնից՝ Ուորլիքն ազատ է տնօրինելու իր կյանքը: Սակայն, ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ նախորդ միջնորդ Մեթյու Բրայզան հետագա գործունեության ընթացքում որոշակի կողմնակալություն ցուցաբերեց: Ուորլիքի մասին չեմ կարող ոչինչ ասել, քանի դեռ չեմ տեսել նրա հետագա գործունեությունը»:
Ըստ որում, Քոչարյանը կոչ է արել չգերագնահատել անձանց, որոնց Մինսկի խմբի համանախագահող երկրները նշանակում են՝ որպես ներկայացուցիչներ: «Բնականաբար, յուրաքանչյուր պետություն իր քաղաքական ուղեգիծն ունի, անձերն էլ ունեն իրենց դերակատարություն, սակայն՝աննշան, հետևաբար՝ պետության քաղաքականությունը նույնն է մնում»,- նշել է դիվանագետը: Ըստ որում, Քոչարյանը նշել է, որ միջնորդի փոփոխությունից ողջ բանակցային փաթեթը չի փոխվում: Փոխնախարարի խոսքով, նորանշանակ անձը նախօրեք ծանոթանում է գոյություն ունեցող իրավիճակին և սահուն կերպով հայտնվում նույն հոսանքի մեջ:
«Անշուշտ, երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ նախագահին, իրավիճակը փոքր-ինչ այլ է: Թեև հասկանալի է, որ նոր նախագահը հազիվ թե ձեռնամուխ լինի արմատական փոփոխություններին: Բայց բնական է, որ այստեղ նախագահը բոլորովին այլ հնարավորություններ ունի, քանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, և հնարավոր են փոփոխություններ այս կամ այն ուղղությամբ»,- ասել է Քոչարյանը:
Փոխարտգործնախարարը հայտնել է նաև, որ դեռևս հստակություն չկա, թե արդյոք դեկտեմբերին Համբուրգում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում: