Արմինֆո. Ռուսաստանը գնահատում է իր գործընկերներին ու դաշնակիցներին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը՝ մեկնաբանելով Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը վերանայելու անհրաժեշտության վերաբերյալ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Յալչին Թոփչուի կոչը Ռուսաստանին:
«Կներեք, բայց ես ծանոթ չեմ այդ ելույթին, այդ պատճառով չեմ կարող, այսպես ասած, մասնագիտորեն մեկնաբանել այն: Բայց կցանկանայի ընդգծել, որ Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ ու դաշնակիցներ են: Մենք մեր գործընկերներին ու դաշնակիցներին գնահատում ենք և հարգանքով ու վստահությամբ ենք վերաբերում միմյանց: Այդ պատճառով այնպիսի խոսակցությունները, ինչպես՝ «եթե ինչ-որ մեկը ինչ-որ բանից հրաժարվի, ապա ինչ-որ օգուտ կստանա», ճիշտ չեն»,- նշել է Իվանովը: Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ինքիշխան պետություն է, որը կարող է ինքնուրույն որոշել՝ ում հետ և ինչ ձևաչափով զարգացնել փոխգործակցությունը:
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Յալչին Թոփչուն Բաքվում լրագրողներին հայտարարել էր. «Եթե Ռուսաստանի նման մեծ երկիրը դադարի աջակցել ահաբեկչական և օկուպանտ երկիր Հայաստանին և արդար դիրքորոշում զբաղեցնի Լեռնային Ղարաբաղի հարցում, դա օգտակար կլինի իրեն»: Նրա խոսքով, այդ դեպքում Ռուսաստանը կգրավի աշխարհի 1 մլրդ 700 մլն մահմեդականի սրտերը: «Հավատում եմ, որ Ռուսաստանը նման հնարավորությունը բաց չի թողնի: Աստված տա, մոտ ժամանակներս Ռուսաստանը քայլեր ձեռնարկի, որոնց շնորհիվ ադրբեջանցի երեխաները կվերադառնան իրենց հայրերի ու մայրերի հողերը: Վերջ կդրվի օկուպացիային»,- հայտարարել է Թոփչուն: