Արմինֆո. Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ներդրում ունենալու նպատակով Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին, ով Իրան-Ադրբեջան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, 49 անգամ այցելել է Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին ԱՊԱ-ին հարցազրույցում հայտարարել է ԱՀ-ում ԻԻՀ դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն:
«Այդ ժամանակ նա մեծ աշխատանք է տարել: Սակայն այնուհետ հրադադարի ռեժիմ է ձեռք բերվել: Ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչից հետո որոշում է կայացվել, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվի այդ խումբը: Իրանը ներկայացված չէ Մինսկի խմբում»,- հայտնել է նա՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է դրական արձագանքել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդության ցանկացած խնդրանքի: Դեսպանն ընդգծել է, որ պատերազմը տարածաշրջանի օգտին չէ: «Մենք ցանկանում ենք, որ մեր սահմանները լինեն խաղաղության սահմաններ, մենք ցանկանում ենք, որ Մինսկի խումբը մոտ ժամանակներս հասնի հաջողության: Մենք ցանկանում ենք, որ նրանք ավարտեն այդ աշխատանքը: Նրանք ասում են, որ այդ գործն իր լուծումը կգտնի մեկ տարվա ընթացքում, սակայն որքան նման տարիներ են անցել: Տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը շատ կարևոր են»,- հայտարարել է դիվանագետը: