Արմինֆո.Ղարաբաղյան հարցի նկատմամբ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները լիովին համընկնում են: Շաբաթ օրը Երևանում այդ մասին հայտարարել է ՌԴ ԴԺ Դաշնային Խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:
Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Մոսկվան ու Երևանը համերաշխ են այն բանում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա բացառապես քաղաքական կարգավորման ճանապարհով` բացառելով որևէ ռազմական շփում: «Ռուսաստանը մեծ մտահոգությամբ հետևում էր ապրիլին Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության կտրուկ աճին: Մենք իրոք տագնապած էինք, և ես վստահ եմ, որ այսօր մենք կրկին կանդրադառնանք այդ հարցին և վերստին կհաստատենք, որ բոլոր առկա խնդիրները հարկավոր է լուծել բացառապես քաղաքական, և ոչ մի դեպքում` ուժային ու ռազմական ճանապարհով: Այդ հարցում Հայաստանի և ՌԴ դիրքորոշումները միանշանակ և լիովին համընկնում են», - նշել է Կոսաչովը` Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում:
Նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանականները խորը, անկեղծ խոսակցություն են վարել Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության թեմայի շուրջ և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Այդ թեման չափազանց նուրբ է, գլխավորը` չխանգարել, սակայն համոզված եմ, որ մեր խորհրդարաններն ի զորու են անել շատ ավելին` քննարկումների քաղաքական բնույթն ապահովելու համար», - հայտարարել է Կոսաչկովը: Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը հասկանում են միմյանց շահերն ու մտահոգությունը և, գործնականում, հարյուր տոկոսով ի զորու են սատարել միմյանց: