Արմինֆո. Ստամբուլում ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովի 62-րդ նստաշրջանում խոսքակռիվ է ծավալվել Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Նահապետյանի հարցերն ու հայտարարությունները հավասարակշռությունից հանել են Չավուշօղլուին: Մասնավորապես, Նահապետյանն իր ելույթում հայտարարել է, որ Թուրքիան հովանավորում է համաշխարհային ահաբեկչությունը, հատկապես` «Իսլամական պետություն» արմատական խմբավորմանը: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան միակողմանի կարգով շրջափակում է Հայաստանի սահմանը և անտեսում Երևանի հետ հարաբերությունները կարգավորելուն նպատակաուղղված միջազգային հանրության ջանքերը: Հայ խորհրդարանականն այդ համատեքստում նաև նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն Անկարայի ցանկացած միջամտություն միայն կվնասի գործըթնացին, քանի որ Թուրքիան միակողմանի կարգով պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում: Այնուհետև Նահապետյանը նշել է, որ Թուրքիան առանց հարևան պետությունների համաձայնության իր զորակազմերն է տեղակայել նրանց տարածքներում: «Այդ ամենի ֆոնին ես հարց եմ տալիս. ինչպ՟ես է Անկարան տեսնում իր հետագա հարաբերությունները հարևանների հետ», - հարցրել է խորհրդարանականը :
Ի պատասխան` Չավուշօղլուն Հայաստանի պատվիրակությանը կշտամբել է անարդարացի և սուբյեկտիվ գնահատականների համար, հավաստիացնելով, որ Անկարան հանդես է գալիս հօգուտ Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականության: Նա Հայաստանի պատվիրակությանն «արդարության» կոչ է արել: «Ընդ որում, Հայաստանի պատվիրակությունն իրեն այսպես է պահում ոչ միայն այստեղ` ՆԱՏՕ ԽՎ-ում, այլև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որտեղ ես երկար ժամանակ նախագահել եմ: Ինչպե՟ս կարելի է ասել, որ Թուրքիան հովանավորում է ԻՊ-ին», - վրդովվել է Չավուշօղլուն, հավաստիացնելով, թե Թուրքիան, աջակցելով Եվրոպային, ձերբակալել և ոչնչացրել է ԻՊ բազմաթիկվ անդամների: