Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին օպերատիվ արձագանքելու համար:
«Կարելի է, եթե դա օգուտ բերի, եթե մենք օպերատիվ արձագանքենք իրադարձություններին: Ենթադրենք՝ շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, և, մեր տվյալներով, ադրբեջանցիներն են կրակում, ես վերցնում եմ հեռախոսը, զանգում եմ Ադրբեջանի նախագահին և ասում եմ՝ «կրակում են»։ Եվ նա իսկապես ստուգում է», -ասել է Սարգսյանը «Ռոսիա սեգոդնա» միջազգային լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նախագահի խոսքով, ինքը «դեմ չէր լինի» Երևանի և Բաքվի միջև նման «թեժ գծի» ստեղծմանը: «Ես պատրաստ կլինեի վերահսկողություն սահմանել և հստակ ասել՝ մերոնք կրակում են, թե չեն կրակում, իհարկե՝ նույնպիսի վերաբերմունք ակնկալելով նաև Ադրբեջանի ղեկավարի կողմից», - նշել է Հայաստանի նախագահը:
Նախագահն ավելացրել է, որ «թեժ գիծ» ստեղծելու փորձ ձեռնարկվել է
1990-ական թվականներին: «Նման փորձ ունեցել ենք դեռ 1990-ական թվականների սկզբին, այդ ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի, և մենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ ուղիղ կապ ունեինք: Մենք կարող էինք նման արտակարգ իրավիճակներում, երբ շտապ կապ էր պետք, միմյանց հետ կապվել: Բայց հիմա դա չկա»,- պարզաբանել է նա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ