Արմինֆո. «Որքանով գիտեմ, ՀՀ Պաշտպանության նախարարությունը որոշել է, որ հայկական տանկերն արդիականացնելու է Ռուսաստանը, այլ ոչ թե՝ Լեհաստանը, այդ փաստը Լեհաստանն ընդունել է ափսոսանքով, բայց՝ ըմբռնումով»: Այդ մասին նոյեմբերի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին:
«Բայց ուզում եմ ասել, որ ArmHiTec-2016 միջազգային պաշտպանական ցուցահանդեսում պաշտպանության ոլորտում աշխատող լեհական ընկերությունները ոչ պակաս հետաքրքրություն են առաջացրել, քան ռուսական ընկերություններ»,- ասել է դեսպանը:
Նշենք, որ հոկտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են T-72 հիմնական ռազմական տանկերի արդիականացման լայնածավալ ծրագիր իրականացնել: Տանկերը կարդիականացվեն մինչև T-72Б4 մակարդակի, որով «Տանկային բիաթլոն»-ի ժամանակ հանդես են եկել մասնակից թիմերը: Հայտնի է դարձել նաև, որ ավելի վաղ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ծրագրել էր իր տանկերի արդիականացմամ վերաբերյալ պայմանագիր ստորագրել Bumar Labedy լեհական ընկերության հետ՝ PT-72U ծրագրով: 84 տանկի արդիականացման պայմանագիրը, որոշ տվյալներով, պետք է Երևանին արժենար 100 միլիոն դոլար: