Արմինֆո. Առաջինը, որ տեսնում ես՝ ժամանելով Երևան, Արարատ լեռն է՝ Հայաստանի ազգային խորհրդանիշը, որը, սակայն, գտնվում է փակ սահմանի մյուս կողմում՝ Թուրքիայում: Այն հիշեցնում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի տարածքում 1,5 մլն հայերի սպանության մասին՚: Այսպես է սկսվում Հայաստանի մասին Al Jazeera հեռուստաալիքի ֆիլմը:
Ֆիլմում, մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանի բնակչության 13-ը սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով արտագաղթել է երկրից, խոսվում է ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմի և հուլիսին Երևանում ՊՊԾ գնդի գրավման մասին:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմին՝ ֆիլմի հեղինակներն ընդգծում են, որ այն նախաձեռնել է Ադրբեջանը, որը ռազմական ներուժի մշտական մեծացման արդյունքում կարողացել է ռազմական գործողությունների ընթացքում գրավել հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ: Ֆիլմում ընդգծվում է, որ ցավն ավելի է խորացնում այն, որ Ադրբեջանը կռվել է Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի վաճառած զենքով: Այս առնչությամբ ֆիլմի հեղինակները մեջբերում են անում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից, ով այդ առնրությամբ ասել էր. ՙՄենք թույլ չէինք տա մեզ մեր դաշնակցի հետ հակամարտող կողմին զենք վաճառել՚:
Անդրադառնալով հուլիսին ՊՊԾ գնդի շենքի զավթմանը և դրան հաջորդող հասարակական հուզումներին՝ ֆիլմի հեղինակներն ընդգծում են, որ այդ ամենը սկսվեց այն բանից հետո, երբ հայ հասարակությունում լուրեր տարածվեցին այն մասին, որ Մոսկվան մտադիր է ղարաբաղի հարցում ավելի մեծ քարտ-բլանշ տալ Բաքվին՝ նաև տարածքների վերադարձի մասով: ՙԻսկ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմի ընթացքում կորցրած տարածքները ռազմավարական նշանակություն չեն ունեցել, չէին կարող անտարբեր թողնել ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանին՚,- ասվում է ֆիլմում:
Ֆիլմի հեղինակների կարծիքով, Երևանում հուլիսյան խռովությունների առիթ է հանդիսացել ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու կասկածանքով Սեֆիլյանի ձերբակալությունը: ՙՆրա ձերբակալությունից շաբաթներ անց Սեֆիլյանի կողմնակիցները գրավեցին ՊՊԾ գնդի շենքը: Բայց հետաքրքիրն այդ իրադարձությունների առնչությամբ հայ հասարակության արձագանքն էր: Հայ հասարակության մի մասը աջակցեց ՊՊԾ գունդը գրաված խմբի գործողություններին: Մարդիկ դուրս եկան փողոցներ՝ իրենց աջակցություն հայտնելով խմբի անդամներին, սակայն ակցիաները կոշտ ձևով ճնշվեցին կառավարական ուժերի կողմից՚,- ասված է ֆիլմում:
Անդրադառնալով Երևանում հուլիսին տեղի ունեցած իրադարձություններին՝ նախագահ Սերժ Սարգսյանը ֆիլմի հեղինակներին փոխանցել է հետևյալը. ՙԻսկ ո՞ր երկրում չկան ագրեսիվ տրամադրված և դժգոհ մարդիկ: Նրանք, իհարկե, կան նաև Հայաստանում, հատկապես քաղաքացիական հասարակության շրջանում, որոնք էլ սատարել են ՊՊԾ գունդը զավթած խմբի անդամներին, բայց դա չի նշանակում, թե նրանք ճիշտ են՚: Սերժ Սարգսյանի հավաստմամբ, ՊՊԾ գունդը զավթած խմբի նպատակը ոչ թե Սեֆիլյանի ազատ արձակումն էր, այլ՝ նրան Հայաստանի դիկտատոր նշանակելը: